Օպերային թատրոնի նոր թատերաշրջանը կմեկնարկի Ստեփանավանում

Օպերային թատրոնը նոր թատերաշրջանի մեկնարկը կտա Ստեփանավան քաղաքում՝ օգոստոսի 28-ին և 29-ին:

Ըստ թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանի՝ առաջին անգամ չէ, որ Օպերային թատրոնը թատերական սեզոնը սկսում է մարզերից. նման փորձ ունեցել են Վանաձորում: Սակայն, նրա խոսքով, այս նախաձեռնությունը Ստեփանավանին առանձնահատուկ կարևորություն է տալիս, քանի որ սրանով նաև նոր փառատոնային ավանդույթ է ձևավորվում. այս տարվանից սկսած՝ Ստեփանավանում կանցկացվի «Լոռի Արենա» միջազգային փառատոնը:

Կարեն Դուրգարյանը վստահ է՝ մարզերի երաժշտասերները պատրաստ են հյուրընկալել ամենաբարձրակարգ երաժշտական թատրոններին:

«Այն համերգներով, այն ելույթներով, որով Օպերային թատրոնը մարզերում ելույթ է ունեցել, ցույց է տալիս, որ մարզերում կա այն հանդիսատեսը, որը բարձր ճաշակ ունի: Մենք նույնիսկ մարզ ենք տարել Բելգիայից եկած նվագախումբ, որը Չայկովսկու 6-րդ սիմֆոնիան է կատարել, և էնպիսի հաճույքով էինք մենք նայում հանդիսատեսին, որը խորասուզված էր այդ ելույթի մեջ: Վստահ եմ, որ մենք մարզերում բարձր ճաշակ ունեցող հանդիսատես ունենք, պետք է հաճախակի այնտեղ լինենք»,- ասում է նա:

Երաժշտական հանդիսությունը տեղի կունենա Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատի բակում, որտեղ կներկայացվեն Տիգրանյանի «Անուշ» օպերան և Խաչատրյանի «Դիմակահանդես բալետը»: Սրանք այցեքարտային ներկայացումներից են և կապված են ազգային մշակույթի հսկաների ու Լոռվա պատմության հետ:

Նորաստեղծ փառատոնի ծրագրում մինչև տարեվերջ երևանյան օպերան 10 բեմադրություն և համերգային ծրագիր կներկայացնի ստեփանավանցիների գնահատմանը, իսկ մյուս տարի կընդլայնեն և՛ ծրագիրը, և՛ աշխարհագրությունը:

Կիսվել սոց․ ցանցերում