«Ես շատ ուժեղ եմ և չեմ սիրում խոսել իմ ցավի մասին: Ես գործով եմ փորձում նրա ստեղծածը տարածել, փորձում եմ միայն դրական լիցքեր հաղորդել ու չեմ սիրում լացել: Կա մի դարակ, որը շատ անձնական է, ես այն հաճախ եմ բացում, երբ մենակ եմ լինում բացում ու թուլանում եմ. ես ու իմ ցավը, իմ կորուստը:
Հայրիկիս վերջին օրերն իմ կյանքի ամենածանր օրերն են եղել, ինչի միջով ենք մենք անցել, ու ինչի միջով է նա անցել, միայն մենք գիտենք: Տեսնել քո հոր դանդաղ մահը, դրանից սարսափելի բան չկա: Բայց չեմ ուզում հիշել նրան այդպիսին:
Վերջին օրերին չէինք խոսում, նա ուղղակի նայում էր ինձ: Նայում էր աչքերիս մեջ, ես իրեն ստում էի՝ ասում էի՝ լավ է լինելու, հանգստանում էր, հավատում էր: Մինչև վերջին վայրկյանը խաբել եմ պապային: Բայց չէի կարող ասել ճիշտը, որովհետև նա ապրել էր ուզում:
Նա ապրելու ուժ գտնում էր իմ, մորս, եղբորս ու թոռների մեջ: Միայն ընտանիքին էր ուզում տեսնել կողքին, թեև վերջին օրերին շատ ընկերներ նույնպես այնտեղ էին:
Նա չէր ուզում, որ Կայան իրեն տեսնի հիվանդանոցում, և դա ճիշտ էր: Ես շատ ուրախ եմ, որ Կայան հասցրել է այդ ընկերությունը տեսնել պապային մեջ, որը նաև ես ունեմ: Նա էլ շատ ծանր տարավ կորուստն ու հիմա շատ է կարոտում:
Մենք պիտի ապրենք հանուն նրա ստեղծածի: Նա շատ մեծ ժառանգություն է թողել մեզ: Փորձել նրա նշաձողը պահպանել շատ դժվար է»,- Tete A Tete հաղորդման շրջանակներում՝ խոսելով հոր՝ Արթուր Գրիգորյանի կյանքի վերջին օրերի մասին, պատմել է դուստրը՝ Մանե Գրիգորյանը:

