Հայաստանում կուսակցական համակարգ` բառի գաղափարական իմաստով, փաստացի գոյություն չունի, դրանք, հիմնականում, անձնակենտրոն միավորներ են, որոնք գոյատևում են բացառապես իրենց առաջնորդի շնորհիվ

Դրա համար էլ ՀՀԿ-ում տարիներով Սերժ Սարգսյանին փոխարինող «չեն գտնում», որովհետև էս ընթացքում Ազատիչը իրեն փոխարինող չի ցանկացել ստեղծել կամ աճեցնել, ՀՀԿ-ում էլ առանց Ազատիչի իրենց կյանքը չեն պատկերացնում: Թեպետ, ՀՀԿ-ում գոնե այսպես չպիտի լիներ, քանզի այս կուսակցությունը Սերժ Սարգսյանը չի ստեղծել` իր անձով, այլ կոնկրետ անձանց կողմից և լրիվ այլ գաղափարների շուրջ:
Դրա համար էլ այսօր ՀՀԿ-ի հետ վերջին տարիներին նույն «գաղափարական» գծի մեջ գործող Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նախագահ է ընտրվում էլի նույն Լևոն Տեր-Պետրոսյանը, որը արդեն 80 տարեկան է ու մի կերպ է տեղաշարժվում, հաստատ ոչ ավելի առույգ, քան, ասենք, Լևոն Զուրաբյանն է:
Նույն կերպ ԲՀԿ-ն գոյություն չի չէր ունենա առանց Գագիկ Ծառուկյանի, որովհետև ԲՀԿ-ի քաղաքական հենքն ու «գաղափարախոսությունը» բացառապես Ծառուկյանի միլիարդներն են, ոչ թե, ասենք, Արման Աբովյանի` փոդքասթում հնչեցրած գեոպոլիտիկ մտքերը: Ոչ էլ երբեմնի ԲՀԿ-ական, հիմա` սրսուռ պրոՀՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի` ԱԺ ամբիոնից հնչեցրած էքսցենտրիկ ելույթներն էին արտահայտում ԲՀԿ գաղափարախոսությունը:
Հետևաբար, չկա Ծառուկյան, չկա ԲՀԿ:
Վաղը, եթե Ռոբերտ Քոչարյանն էլ ցանկանա կուսակցություն բացել, այդ կուսակցությունն էլ ձևավորվելու է բացառապես Քոչարյանի անձի շուրջ` ինչպես «Հայաստան» դաշինքն այսօր, և գոյություն է ունենալը էլի միմիայն Ռոբերտ Քոչարյանի փողերի և նրա` երբեմնի հզոր նախագահի մասին ձևավորած կերպարի ու պարապած մուսկուլների հաշվին: Նույնիսկ Լևոն Քոչարյանի մկանուտ կազմվածքն այս հարցում դժվար օգուտ տա առանց հայր Քոչարյանի:
Ու էսպես` բոլոր հին ու նոր և քիչ թե շատ ռեսուրս ունեցող դերակատար կուսակցությունների մասին կարելի է նույնը ասել` շատ քիչ տարբերություններով: Միակ բացառությունը, թերևս, 135-ամյա Դաշնակցությունն է, որտեղ հավաքվել են ոչ թե անձի, այլ գաղափարի շուրջ: Լավն է այդ գաղափարը, թե ոչ, ով ինչ կարծիք ունի ՀՅԴ մասին, դա ճաշակի հարց է, բայց հաստատ հազարավոր դաշնակցականներ այսօր ընկեր Իշխանի կամ, ասենք, Հրանտ Մարգարյանի սիրուն աչքերի համար չէ, որ հավաքվել են Դաշնակցության տանիքի տակ, այլ կոնկրետ գաղափարի և դոկտրինի շուրջ:
Դե, ՔՊ-ի մասին չասեմ, իրենց «գաղափարախոսությունը» սկսվում և ավարտվում է բացառապես Նիկոլ Փաշինյանի արտահայտած անհայրենիք ու ապապետական մտքերով, այսինքն` «ընկեր Նապոլեոնը» որ օրը ինչ հայտարարի, դա էլ կլինի ՔՊ-ի ու ՔՊ-ականների այդ օրվա «գաղափարախոսությունը», որը մեկ բառով կարելի է կոչել նիկոլիզմ:
Վահե Մակարյան

 

Կիսվել սոց․ ցանցերում