Առաջիկա օրերին ԼՂ-ում այլևս հայ չի մնա, սա էթնիկ զտմшն և հшյրենшզրկմшն ուղղակի ակտ է. ՀՀ վարչապետ

«ԼՂ-ի հայության ելքը Ադրբեջանի կողմից իրագործվող էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում շարունակվում է: Վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին ԼՂ-ում այլևս հայ չի մնա: Սա էթնիկ զտման և հայրենազրկման ուղղակի ակտ է և այն, ինչ երկար ժամանակ ահազանգում էինք միջազգային հանրությանը»:

Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը նկատեց՝ միջազգային տարբեր խաղացողների կողմից ԼՂ-ում տեղի ունեցող էթնիկ զտումները դատապարտող հայտարարությունները կարևոր են, բայց եթե դրանց չհետևեն կոնկրետ գործողություններ, այդ հայտարարությունները ընդամենը պատմության համար բարոյական վիճակագրություն ստեղծելու շարքում կդիտվեն:

«Որպեսզի հետագայում տարբեր երկրներ իրենց այս հանցագործությունից ֆորմալ առումով տարանջատելու հնարավորություն ունենան՝ ասելով՝ դե մենք դատապարտել ենք: Եթե դատապարտման մասին հայտարարություններին համարժեք քաղաքական և իրավական բնույթի որոշումներ տեղի չեն ունենում, դատապարտումը վերածվում է տեղի ունեցողին համաձայնվելու ակտ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն շեշտեց՝ ինչ վերաբերում է ՀՀ կառավարությանը, առաջնային պարտքն է հնարավորինս հոգատար կերպով ընդունել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին, ապահովել նրանց ամենահրատապ կարիքները:

Կիսվել սոց․ ցանցերում