«Ռпւսաստանում ժողովրդավարության հնարավոր չէ հասնել ո’չ առանց փայտի, ո’չ էլ փայտով». Կարեն Սվասյան

 

Ռուսաստանի`  վերջին  տարիներին  իրականացվող  քաղաքականությունը  Հայաստանի  նկատմամբ  բուռն  դժգոհություն եւ հակազդեցություն է առաջացրել  հայ   հասարակության  շրջանում:  Նույնիսկ  խորհրդային  իշխանության  տարիներին   ձեւավորված   սերունդն  է  այսօր  քննադատում   ՌԴ-ին  եւ երազում  օր  առաջ  նրա  տիրապետությունից   ազատվելու  մասին:

Սակայն,  անկախ  զգացմունքային  գնահատականներից,  պետք է հասկանալ եւ  վերլուծել   Ռուսաստանի` վերջին  տասնամյակների  քաղաքականությունը,  փորձել   կանխատեսել,  թե   նա  իրեն   ինչպես  կդրսեւորի  առաջիկա  տասնամյակներում:

Երջանկահիշատակ   փիլիսոփա  Կարեն  Սվասայանը  տարիներ  առաջ  իր  հոդվածներում  անդրադարձել  է  Ռուսաստանին եւ  նրա  քաղաքականությանը:  Մեջբերենք մի հատված  նրա`   2012թ. գրված   «Ռուսաստանն ու  ապագան »  հոդվածից:

«Ելցինի  գալով  լճացումը  վերածվեց  հարբեցողության:  Դիպվածի նշանակալիությունը,  սակայն, այն էր,  որ  նա  իսկապես  ծնյալ  բոլշեւիկ  էր,  որի     համեմատությամբ  ի  պաշտոնե  «տժժացող »   կոմունիստները  խղճուկ  արտապատկեր  էին  հիշեցնում: Նրան պակասում էր  սոսկ  «սնուցման աղբյուրը»  (կուսակցությունը),  եւ  այդ պատճառով  նրա   բոլշեւիզմը   տեսիլքային  ֆանտոմ էր   հիշեցնում,  որի   գոյության մասին կարելի էր  գուշակել միայն  նրա  քարացած հայացքից  եւ  հնչարտաբերության  կեղծ-վոլյունտարիստական  յուրահատկություններից:  Ենթադրել, թե  Ելցինի  հետ  միասին  իշխանության եկավ  ժողովրդավարությունը,  ըստ  երեւույթին,  կարող  է  միայն  նա, ով  ուզում է  այդպես  մտածել,  կամ էլ  նա,  ով   ընդհանրապես  մտածել  չի  ուզում: Եթե ոմանք էլ   եկան  այդ  ժամանակ  իշխանության, ապա  դրանք  միայն կամ  սեփականացնող-գետահեններն  էին,  որոնք  մի գիշերում  դարձան  կրեսոսներ,  կամ   հանցաշխարհի  հեղինակությունները  եւ  վերջում` ուղղակի  մանր  խուլիգանները:  Պուտինը,  ինչ  էլ   որ   ասեն   նրա   մասին,   վերջ    տվեց այդ  խրախճանքին,  բայց   Պուտինի  ժամանակ եւս  չինովնիկի  «անպատժելիության  կանխավարկածը »  մնաց  եւ  մնում  է  ուժի մեջ:  Ռուսական  ժողովրդավարության   պարադոքսը.  ժողովրդավարությունը  կարող  էր  թերեւս  հաջողվել    Ռուսաստանում, եթե    այնտեղ    իմանային,  առաջին` ինչ   բան   է դա,   եւ   երկրորդ` եթե    պատվաստեին  այն` չշատախոսելով   այդ  մասին, այլ, ինչպես    միշտ` իրականացնելով   վերեւից  եւ  մտրակով:   Պարզապես այդ  դեպքում   դա   արդեն  ժողովրդավարություն  չէր  լինի,  որովհետեւ  հարկադրել  ազատության` մռութը   ջարդելով,  նույնն է,  թե  մահվան  սպառնալիքով  որեւէ  մեկին    ստիպես    սրամիտ  լինել:  Նպատակն  ինչքան  ասես  կարող է արդարացնել    միջոցները:   Ուղղակի  նպատակով  արդարացված միջոցներն  այլեւս  նպատակին  չեն    հասցնում:  Միով  բանիվ`  Ռուսաստանում  ժողովրդավարության  հնարավոր   չէ  հասնել  ո’չ  առանց    փայտի, ո’չ  էլ  փայտով,   բայց    այստեղ   թերեւս    կարիք  կզգացվի  ապագայի  մեջ    արթնանալ  հենց    այդ    բուդդիստական  կոլապսից»:

 

Կիսվել սոց․ ցանցերում