Հետպատերազմական օրեր, խեղված ճակատագրեր, անհասկանալի հոգեվիճակում հայտնված մարդիկ և զինվորներ:
«Աշխարհում միակ խելագարությունը պատերազմներն են»,- ասաց ռազմական հոսպիտալի բժիշկը:
Պատասխանը չուշացավ. «Բոլորս, բոլորս էլ խելագար ենք, ամեն մեկս՝ յուրովի»:
«Շարքային թռչնակը» արդիական այս հոգեբանական դրամայով է Գյումրու դրամատիկականը շեմել 158-րդ թատերաշրջանը:
«Կատակերգություն լիներ՝ գուցե չխաղայինք»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը:
Վերջին 3-4 տարիները թույլ չեն տալիս թատերաշրջանը բացել մեծ շուքով ու հանդիսավոր պայմաններում, բայց, անկախ հանգամանքներից, ըստ Հարությունյանի, թատրոնի դուռը չպետք է փակվի:
«Շատ դռներ փակվեցին այսօր, իսկ թատրոնի դուռը չպետք է փակվի, որ մշակույթը կարողանա օգնել, ուժ տալ այն մարդկանց, որոնց դռները փակվել են, որ հավատան՝ դրանք նորից բացվելու են: Եթե այս դուռը բաց մնաց, մյուս դռները, հավատացեք, բացվելու են: Խորհրդանշական էր ներկայացումը, իհարկե, գործողությունների վայրը Հայաստանը չէր, սակայն խնդիրները՝ պատերազմ, հետևանքներ ու պատերազմից ծնված մարդկային ողբերգություն և, ի վերջո, կռիվ, որ գտնես լույսը ու կարողանաս թռչել: Սա է ասելիքը: Իսկ դրա համար պետք է վերադառնաս քո ակունքներին, որ վերագտնես քեզ: Սա ուղերձ էր նաև, մենք պետք է հասկանանք՝ որտեղ է մեր սխալն ու ուղղենք այն»,- կարծում է դրամատիկականի տնօրենը:
Բոլորի համար, իսկ ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցների համար հատկապես դրամատիկականի դռները լայն են բացված. ամբողջ հոկտեմբերը նրանցն է լինելու:
Մանկական 3 ներկայացում կխաղան՝ հասույթն ուղղելով ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներին:
Այստեղ նաև սպասում են ԼՂ-ից տեղափոխված մշակույթի գործիչներին, դերասաններին, ընդհանրապես արվեստի մարդկանց. «Դժվար է, բայց իրենք պետք է հասկանան, որ հայրենք են եկել ու պետք է վերագտնեն իրենց»:
Արդեն երեկվանից Գյումրու դրամատիկականն իր սովորական խաղացանկային ներկայացումներով է հանդես գալիս: Նոյեմբերի վերջին ևս մեկ պրեմիերա կլինի. Լյուդվի Հարությունյանը բեմ կբարձրացնի Լևոն Շանթի «Ինկած բերդի իշխանուհին»:
«Շատ կարևոր ու պատասխանատու աշխատանք է ինձ համար: Ես առաջին անգամ եմ որպես ռեժիսոր Լևոն Շանթ բեմադրում: Ինչ բեմադրում ենք, այսօրեական շեշտադրումներ ենք տեսնում, հատկապես այս աշխատանքը: Իշխանուհին պետք է դառնա մեզ համար ուղեցույց, թե ինչպես պետք է կարողանաս ամուր լինես ու վրեժ լուծես: Ես միշտ այս բառից խուսափել եմ. վրեժն ինձ համար տարբեր հասկացություններ ունի, ամուր լինելը, սխալն ուղղելը, լինել այնտեղ, որտեղ պետք է լինես, եթե խլել են ինչ-որ բան, պետք է վերադարձնես՝ անկախ ամեն ինչից ու անկախ ինչ ճանապարհով»,- շեշտում է Լյուդվիգը:
Մինչ տարեվերջ ևս 2 նոր ներկայացման առաջնախաղ կլինի. մեկը մանկական ներկայացում է, մյուսի համար պետք է լինել Մհեր Մկրտչյան փոքր բեմի հանդիսականը՝ Չեխով վայելելու համար:
