ԵՍԱՅԻ 9: 8 Տերը Հակոբի դեմ պատգամ ուղարկեց, և այն իջավ Իսրայելի վրա։ 9 Պիտի իմանա ողջ ժողովուրդը՝ Եփրեմն ու Սամարիայի բնակիչները, որոնք ամբարտավանությամբ և հպարտ սրտով ասում են. 10 «Աղյուսներն ընկան, բայց մենք կկառուցենք սրբատաշ քարերով, մոլաթզենիները կտրվեցին, բայց մենք եղևնիներ կդնենք դրանց փոխարեն»։ 11 Տերը նրանց դեմ պիտի հանի Ռասինի հակառակորդներին և պիտի գրգռի նրանց թշնամիներին։ 12 Արամն արևելքից, փղշտացիները արևմուտքից լիաբերան պիտի հոշոտեն Իսրայելը։ Այսուհանդերձ նրա բարկությունը չի իջնում, և նրա ձեռքը դեռ մնում է բարձրացած։ 13 Ժողովուրդը չի վերադառնում իրեն հարվածողին, չի փնտրում Զորությունների Տիրոջը։ 14 Եվ Տերը մեկ օրում պիտի կտրի Իսրայելի գլուխն ու պոչը՝ արմավենու ճյուղն ու կնյունը։ 15 Երեցներն ու պատվավորները գլուխն են, իսկ մարգարեն, որ ստություն է սովորեցնում, պոչն է։ 16 Այս ժողովրդի առաջնորդները մոլորեցնում են ժողովրդին, և նրանցից առաջնորդվողները շփոթված են։ 17 Դրա համար էլ Տերը չի ուրախանալու նրա երիտասարդներով և չի գթալու նրա որբերին ու այրիներին, որովհետև նրանք ամենքն էլ անաստված ու չարագործ են, և ամեն բերան հիմարություն է բարբառում։ Այսուհանդերձ նրա բարկությունը չի իջնում, և նրա ձեռքը դեռ մնում է բարձրացած։ 18 Որովհետև ամբարշտությունը կրակի նման այրում է ցախն ու փշերը, լափում ու վառում է թավուտ անտառները, և ցնդում են բարձր ծխասյուներով։ 19 Զորությունների Տիրոջ ցասումից այրվելու է երկիրը, և ժողովուրդն էլ հրո ճարակ է լինելու։ Ոչ ոք չի խնայելու իր եղբորը։ 20 Հափշտակելու են աջ կողմից, բայց քաղցած են մնալու, ուտելու են ձախ կողմից, բայց չեն կշտանալու։ Ամեն մարդ իր բազկի միսն է ուտելու։ 21 Մանասեն Եփրեմին է ուտելու, Եփրեմը՝ Մանասեին, և նրանք միասին Հուդայի դեմ պիտի ելնեն։ Այսուհանդերձ նրա բարկությունը չի իջնում, և նրա ձեռքը դեռ մնում է բարձրացած։
Օրվա խոսք`«ԿԱՆԽԱՍՈւԹՅՈւՆ ԵՐՈւՍԱՂԵՄԻ ԿՈՐԾԱՆՄԱՆ ՄԱՍԻՄ»
