Ինձ հետ հաշտ չեմ, բայց չեմ կիսում տեսակետը, որ Փաշինյանը ստորագրեց փաստաթուղթը և դրան հետևեց Արցшխի անկումը. Զեյնալյան

Երևանի համատեղ կառավարման հուշագրի ստորագրումից հետո Արտակ Զեյնալյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

ԼՂ-ում տեղի ունեցածի համար մեծապես գործող իշխանությանն է ուղղված մեղադրանքը, ինչպես է պատկերացնում համատեղ աշխատանքը, որպես Արցախյան ազատամարտի մասնակից հա՞շտ է արդյոք ինքն իր հետ՝ հարցին, Զեյնալյանը պատասխանեց.

«Ես չեմ կիսում տեսակետը, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց պրահյան փաստաթուղթը և դրան հետևեց Արցախի անկումը:

Պատերազմը տանուլ են տալիս ոչ թե բանակների բախման արդյունքում, այլ դրան նախապատրաստվելիս: Սա կանոն է:

Այս, ինչ տեղի ունեցավ, վաղուց սկսված գործողությունների ու անգործության հետեւանք է: 2004 թվականից սկսած և նույնիսկ ավելի վաղ, երբ Հայաստանը ստորագրեց պայմանագիր՝ ռուսական սահմանապահների՝ Հայաստանում գործելու վերաբերյալ։

Ծանոթացեք այդ պայմանագրին: Երբ ՀՀ-ն ռազմաբազայի վերաբերյալ պայմանագիր ստորագրեց ու երկարաձգեց, դա մեր բոլորի կողմից թույլ տրված սխալի հետևանք էր՝ անկախ անհատներից։

Ես ինձ հետ հաշտ չեմ լինելու և պայքարելու եմ նրա համար, որպեսզի Արցախը լինի հայկական, որպեսզի արցախահայության իրավունքները ապահովված ու երաշխավորված լինի։ Մենք ներդնելու ենք մեր գիտելիքները, փորձը, հնարամտությունը, որպեսզի դա ի կատար ածենք, օգտագործելու ենք բոլոր գործիքները, որն ունի կառավարչական դոկտրինան»,- ասաց Արտակ Զեյնալյանը։

Կիսվել սոց․ ցանցերում