ՀՀ փոխարտգործնախարարը եւ ԵԽ կոմիտեի անդամն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերին

Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի անդամ Վիոլա ֆոն Կրամոն-Տոբադելի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հաղորդում են ԱԳՆ-ից։

Նախարարի տեղակալը բարձր է գնահատել հայկական կողմի համար առաջնային նշանակություն ունեցող հարցերում Եվրոպական խորհրդարանի սկզբունքային դիրքորոշումը՝ հատուկ կարեւորելով հոկտեմբերի 5-ին ընդունված «Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի» մասին բանաձեւը, որը խստագույնս դատապարտել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ նախապես ծրագրված եւ չարդարացված ռազմական հարձակումը:

Պարույր Հովհաննիսյանը հանգամանալից ներկայացրել է զրուցակիցներին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման քաղաքականության հետեւանքով ավելի քան 100 հազար մեր հայրենակիցների բռնի տեղահանման հետեւանքով ստեղծված իրավիճակը եւ այս համատեքստում երախտիքի խոսքեր փոխանցել Եվրոպական միության եւ ԵՄ անդամ երկրների կողմից մարդասիրական աջակցություն տրամադրելու համար:

Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք այլ հարցեր, ներառյալ՝ միջխորհրդարանական համագործակցությունը։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության հարցերի:

Կիսվել սոց․ ցանցերում