Հոկտեմբերի 27-ով հիմք դրվեց երկրում ուժով հարց լուծելու երևույթին, ինչը թուլացրեց պետության հիմքերը. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության 24-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել:

Այն ներկայացնում ենք ստորև.

«Այդ ահաբեկչությունը ոչ միայն հարձակում էր Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանի, վարչապետ Վազգեն Սարգսյանի, պետական այլ պաշտոնյանների, այլ նախևառաջ պետության, պետականության, ինքնիշխանության, ժողովրդի կողմից ընտրված իշխանության դեմ:

Այն պետությանը հասցված այնպիսի հարված էր, որի հետևանքները կրում ենք մինչ օրս: Հոկտեմբերի 27-ով հիմք դրվեց երկրում բռնի, հակասահմանադրական, ուժային մեթոդներով հարցեր լուծելու արատավոր երևույթին, ինչը էապես թուլացրեց պետության հիմքերը և կանգնեցրեց Հայաստանի զարգացման ընթացքը:

24 տարի շարունակ բոլորս հիշում ենք հանրապետության ամենածանր օրերից մեկը և որպեսզի հետագայում բացառենք նման գործողությունների կրկնությունը, մեր ամենօրյա աշխատանքով, սիրով և համերաշխությամբ, առողջ միջավայր ստեղծելով պիտի ամրացնենք, զարգացնենք մեր պետությունը»։

Կիսվել սոց․ ցանցերում