Սեպտեմբերի 17-ին Երևանի ավագանու ընտրություններն են։ ԿԸՀ-ն արդեն հրապարակել է մասնակցության հայտ ներկայացրած կուսակցությունների, դաշինքների թեկնածուների անունները։ Այսպիսով, Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի 13 քաղաքական ուժ՝ 12 կուսակցություն եւ 1 կուսակցությունների դաշինք։ Նրանցից մեկը «Հանրապետություն» կուսակցությունն է, որի ցուցակը գլխավորելու է արդարադատության նախկին նախարար, արցախյան պատերազմում ոտքը կորցրած Արտակ Զեյնալյանը։
Մենք զրուցել ենք ցուցակի երրորդ համարի՝ ավագանու անդամի թեկնածու, գործող ավագանու անդամ Անի Խաչատրյանի հետ։ Մեր հարցին, թե ինչու է այս անգամ ևս առաջադրվել՝ ինչով է ավագանու անդամի գործը գրավում նրան, Անի Խաչատրյանը պատասխանեց․ «Ես դեռ անչափահաս տարիքում եմ անդամագրված եղել կուսակցությանը և կուսակցությունը որոշել է, որ այս անգամ ևս իմ թեկնածությունը պետք է առաջադրի»։
Ինչպիսի՞ շանսեր եք տեսնում, կուսակցությունը ի՞նչ արդյունքներ կարող է գրանցել, կկարողանա՞ արդյոք հաղթահարել անցողիկ շեմը եւ մանդատներ ստանալ՝ ըստ Ձեզ՝ հարցրինք Խաչատրյանին։
«Քաղաքացիները, տեսնելով այսօրվա ԱԺ-ն․․․ մենք միակ քաղաքական ուժն ենք, որ ունենք 50 և ավելի ձայն հավաքելու հնարավորություն»։
Հետաքրքրվեցինք նաև, թե ավագանու անդամ լինելու ժամանակ ի՞նչ խնդիրներ են փորձել լուծել. «Հաջողվել է լուծել գրեթե բոլոր խնդիրները, որոնց մասին ես գոռացել եմ, երբեմն շատ մարդկանց դուր չի եկել բարձր ձայնով աղմուկը, բայց ունենալով մեկ մանդատ, ես կարողացել եմ միայն այդ միջոցով որևէ կերպ հարցերին լուծում տալ։ Լուծվել են բազմաթիվ խնդիրներ և հրապարակայնորեն, և կուլիսային, քաղաքացիների հետ հարց ու պատասխանի միջոցով, քաղաքացիների դիմումներով։ Ես դեռ շարունակում եմ զբաղվել խնդիրների լուծմամբ։ Այս պահին ակտիվ զբաղվում եմ Արցախ փողոցի վրայի 2 հանրակացարանների շենքերի խնդիրներով։ Այդտեղ կան բազմաթիվ խնդիրներ, որից մեկը վթարայնության խնդիրն է, մյուսում մարդկանց առողջության, կյանքին սպառնացող խնդիներ են։ Նույնիսկ ավագանու անդամ չլինելու դեպքում՝ շարունակելու եմ այդ խնդիրներին լուծում տալ, բայց կարծում եմ՝ մինչև ընտրությունները կլուծվի այդ խնդիրը»,- պատասխանեց Խաչատրյանը։
Կարեն Քերիմյան
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/16bfefd539e9db03a6ef564fc3ad17b5?fbclid=IwAR3lbLBrEIcRmoW11t_4WSbXi0NdC90za4me4KVo1zZjhhIxj70CGH5-iFs
© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»