ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը հոկտեմբերի 31-ին նիստում որոշել է նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.5 տոկոս։
Այս մասին այսօր ՝ հոկտեմբերի 31-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«2023 թվականի սեպտեմբերին 12-ամսյա գնաճն ավելացել է՝ ամսվա վերջին կազմելով 0․1 տոկոս։ 12-ամսյա բնականոն գնաճը շարունակել է նվազել և սեպտեմբերի վերջում կազմել է 0․1 տոկոս։ Վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետության հիմնական գործընկեր երկրներում դիտվում է ներքին պահանջարկի որոշակի արագացում։ Միաժամանակ, աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ համաշխարհային տնտեսական աճի հետ կապված անորոշություններն ու միջազգային ապրանքահումքային շուկաներում տատանողականությունն ավելացել է»,-հավելել է ԿԲ նախագահը։
Նրա խոսքով՝ գործընկեր երկրներում 12-ամսյա գնաճը դեռևս պահպանվում է նպատակային ցուցանիշից բարձր մակարդակում։ Այս պայմաններում գործընկեր երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում կշարունակեն վարել զսպող դրամավարկային քաղաքականություն։
Արդյունքում, արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա թույլ գնանկումային ազդեցությունները կպահպանվեն։
