Պետք է այնպես անենք, որ Չարենցին պարտք չմնանք

Հատկապես վերջին տարիներին Եղիշե Չարենցի ստեղծագործությունները վերաիմաստավորելու, նրանք նորովի մեկնաբանելու անհրաժեշտություն է առաջացել։ Անցյալ տարի, Եղիշե Չարենցի 125-ամյակի առթիվ հրավիրվեցին տարբեր միջոցառումներ, հրատարակվեցին եւ վերահրատարակվեցին նրա գրքերը։ Հիմա էլ Ազգային գրադարանն է նախաձեռնել Եղիշե Չարենցի մատենագիտության ստեղծման աշխատանքները երկու պրակով՝ գրքեր եւ հոդվածներ։ Եղիշե Չարենցի մատենագիտության Ա պրակը ներառում է 1914թ․ մինչ օրս հրատարակված նրա ստեղծագործությունները (առանձին գրքեր եւ հատորային հրատարակություններ), նրա կազմած, խմբագրած եւ թարգմանած գրքերը, նրա կյանքին եւ ստեղծագործությանը նվիրված մենագրությունները, գիտաժողովների նյութերի ժողովածուները, օժանդակ ցանկերը։ Գրքի խմբագիր, կազմող, Ազգային գրադարանի փոխտնօրեն Հայկանուշ Ղազարյանը այսօր, գրքի շնորհանդեսի ժամանակ մանրամասն անդրադարձավ այն մատենագիտական ծավալուն աշխատանքին, որ կատարվել է Ա պրակը լույս ընծայելիս։ <Չարենցի ստեղծագործությունների ժողովածուների, նրա մասին մենագրությունների, նրա կազմած, խմբագրած, թարգմանած հայերեն եւ այլալեզու բոլոր հրատարակությունների բովանդակությունները բացված են (բովանդակություն)՝ պահպանելով բնագրի ուղղագրությունը։ Իր անձնական գրադարանում եւ այլ հավաքածուներում պահպանված օրինակների վրա, ինչպես նաեւ ձեռագրերի լուսանցքներում Չարենցը կատարել է ուղղումներ, խմբագրումներ, շտկումներ>,- նշված է գրքում։ Գրականագետ Դավիթ Գասպարյանը նշեց, որ եկել է Չարենցի կյանքն ի մի բերելու ժամանակը, ի մի է բերվում Չարենցի մատենագիտությունը, եւ պետք է այնպես անենք, որ Չարենցին պարտք չմնանք։ Գրականագետ, <Անտարես> հրատարակչության խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը ուշադրություն հրավիրեց, որ Ե․ Չարենցի մատենագիտության մեջ տեքստային տարբերությունները շատ են, կարեւոր է բարեխիղճ աշխատանքը, որպեսզի տարիներ անց կրկին այդ տեքստերը վերանայելու անհրաժեշտություն չծագի։ Իսկ չարենցասերները առիթ կունենան նոր գրքերով հերթական անգամ բացահայտելու Չարենցին եւ նրա ապրած ժամանակը։

Կիսվել սոց․ ցանցերում