Երեկ բելառուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որի ժամանակ քննարկվել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ նոյեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք նիստի կազմակերպման հետ կապված հարցեր: Վարչապետ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս է հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերները ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը:
Այս առնչությամբ Civic.am-ի հետ զրույցում հայտնելով իր տեսակետը քաղաքագետ Հակոբ Բադալյանն ասաց, որ այստեղ երկու շերտ է տեսնում։ Առաջինը՝ ներքին շերտ, այսինքն՝ Հայաստանի քաղաքական իշխանության համար հասարակական հենարանի առումով բավականին առանցքային տեղ է զբաղեցրել Ռուսաստանի և Ռուսաստանին առնչվող ինտերգրացիոն նախագծերի հանդեպ, այսպես ասած, ինքնիշխան վերաբերմունքի խնդիրը։
«Որովհետև մենք տեսնում ենք, որ իշխանությունն իր քաղաքական հենարանի հիմքում դնում է այդ գաղափարը, ասոցացնում իրեն ինքնիշխանության հետ և այլն, և այդ հանգամանքը պարտավորեցնում է արդեն այդ հարցերում ունենալ որոշակի վերաբերմունք։ Եթե ՀԱՊԿ-ը չի արտացոլում այն պայմանագրային պարտավորությունները, որ կան Հայաստանի հանդեպ, Հայաստանի իշխանությունն արդեն պարտավորված է լինում այդ ամենի հանդեպ դրսևորել առնվազն ցուցադրական մակարդակի որոշակի վերաբերմունք։ Սա ներքին առումով։ Իսկ արտաքին առումով, ես կարծում եմ, Հայաստանը փորձ է անում այդ կերպ, այդ քաղաքականության շնորհիվ նաև որոշակի պատասխանատվության առաջ դնել այլ խաղացողների, այս դեպքում արևմտյան խաղացողներին, որպեսզի նրանք Հայաստանի անվտանգության միջավայրի հարցում բացի բանավոր հռետորական պատասխանատվությունից նաև գնան որոշակի քայլերի, թեկուզ փոքր, բայց որոշակի քայլերի։ Եվ Հայաստանի համար հնարավորությյուն ստեղծվի գործուն այլընտրանքներ ունենալ՝ անվտանգության միջավայրի ռիսկերը կառավարելու առումով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ ռիսկերը բազմապատիկ ավելի են, քան Հայաստանի անմիջական հնարավորությունները։ Ես տեսնում եմ այդ երկու շերտը, այդ քաղաքականության համատեքստում»,-ասաց Հակոբ Բադալյանը։
Խոսելով նաև այն մասին, որ որոշ ընդդիմադիր գործիչներ հայտարարել են, որ վարչապետի ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նիստին չգնալը վտանգում է մեր երկիրը, քաղաքագետն ասաց, որ նախ գնալով մենք տեսնում ենք, որ Հայաստանի անվտանգությունն առանձնապես չի շահում և պատկերացնել, որ ՀԱՊԿ-ը գործուն քայլեր է անելու Հայաստանի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, եթե հաշվի ենք առնում, որ դրա սպառնալիքները կարող են լինել Ադրբեջանը և Թուրքիան, սա իհարկե կլինի մոլորություն։
Քաղաքագետի խոսքով, եթե Հայաստանն իր նշած վարքագիծը չի, որ կիրառում է, այլ իսկապես դրված է ինչպես ասում են, վեկտորի փոփոխության խնդիր, սա իհարկե իր մեջ արդեն կարող է պարունակել վտանգներ, որովհետև դա բերելու է հակազդեցության։
«Եթե Հայաստանը փորձում էր այդտեղ ավելացնել Արևմուտքի ներկայությունը և փաստացի ստեղծել աշխարհաքաղաքական փոփոխության նախադրյալ կամ դառնալ այդպիսի գործիք, միջոց, ապա սա բերելու է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի հակազդման, որովհետև այդ երեքը, առնվազն այդ հարցում ունեն շատ ընդհանրություններ, ընդհանուր մոտեցումներ և շահեր։ Հետևաբար, այդ երեքը կթիրախավորեն Հայաստանը, եթե դրվում է ահա այդպիսի խնդիր։ Իմ գնահատմամբ, այդպիսի խնդիր Հայաստանը չի դնում և փորձ է անում այդ ռուսական անվտանգության համակարգի անաշխատունակության պայմաններում աշխատեցնել հնարավոր այլ մեխանիզմներ։ Եվ դրանց աշխատանքը այդպես զուտ բանավորից փոքր-ինչ բերել արդեն ավելի գործուն պատասխանատվության դաշտ։ Սա շատ բարակ լար է, որի վրայով Հայաստանը փորձում է անցնել, բայց ստեղծված առկա իրողություններից բխող հանգամանք է, ճանապարհ է, որով Հայաստանը պետք է անցնի»,- ասաց Հակոբ Բադալյանը։
Քաղաքագետը կարծում է նաև, որ «3+3»-ին Հայաստանի մասնակցությունը վկայում է, որ Երևանն իհարկե հաշվի առնում է այս իրողությունները և պատկերացնում է խնդիրներն այդ առնչությամբ։
Խոսելով նաև Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի հայտարարության մասին, քաղաքագետն ասաց, որ Բորելի հայտարարությունները դիտարկում է զուտ Երևանին շահագրգռելու տրամաբանության մեջ, որպեսզի Երևանը մի փոքր իջեցնի նշաձողերը՝ «խաղաղության պայմանագրի» նախագծի հարցում և վերականգնվի բրյուսելյան ձևաչափը, այսինքն՝ Բաքուն համաձայնվի վերադառնալ և Բրյուսելում քննարկումները շարունակել։
«Եվ սրա վկայությունն է այն, որ Ադրբեջանն այսօր էլ հայտարարեց, որ Հայաստանին դեռևս սեպտեմբերին ուղարկված առաջարկների պատասխան չեն ստացել, և երկու ամսից ավելի Երևանը չի պատասխանել։ Սա նշանակում է, որ այդ առաջարկները Երևանի համար պարունակում են անընդունելի մոտեցումներ և պայմաններ, և դրանց ընդունումը Հայաստանի համար խիստ խնդրահարույց է։ Եվ հիմա, կարծում եմ, Բրյուսելը չունենալով հնարավորություն՝ Բաքվին պարտադրել իջեցնել նշաձողերը փորձում է Երևանին գայթակղել, ինչ-որ բոնուսներ խոստանալով, վիզայի ազատականացում, ռազմական օգնություն և այլն, և այդ կերպ Երևանից ստանալ այն բովանդակությունը, որը նաև բավարարելով Բաքվին կվերադարձնի Ալիևին Բրյուսելի բանակցության»,-եզրափակեց Հակոբ Բադալյանը։
Լիլիթ Թադևոսյան
