Ջենիֆեր Էնիսթոնը հրապարակել է «Ընկերներ» սերիալի խաղընկեր Մեթյու Փերիի հետ նամակագրությունից հատված՝ նշելով․ «Ես քեզ հետ ամեն օր զրուցում եմ»

«Ընկերներ» սերիալի աստղ Ջենիֆեր Էնիսթոնը Instagram-ում հուզիչ գրառում է արել վերջերս կյանքից հեռացած իր խաղընկերոջ՝ սերիալում Չենդլերին մարմնավորող Մեթյու Փերիի մասին։ Հոլիվուդյան դերասանուհին  Փերիին «ընտանիքի անդամ, կրտսեր եղբայր» է անվանել ու ցուցադրել իր  եւ ընկերոջ նամակագրությունից մի հատված, որտեղ Փերին գրում է․ «Քեզ ծիծաղեցնելը ուրախությամբ է լցնում իմ օրը»։

«Մեր Մեթիին հրաժեշտ տալն անսահման էմոցիոնալ էր, ես նախկինում նման բան չէի ապրել։ Մեր կյանքի որոշակի փուլում բոլորս էլ կորուստներ ունենում ենք՝ կյանքի կորուստ, սիրո կորուստ։ Երբ մենակ ես մնում այդ կսկիծի հետ, սկսում ես խորհել այն երջանկության ու շնորհակալության մասին, որը զգում ես տվյալ մարդու հանդեպ խորը սիրուց։ Մենք նրան շատ էինք սիրում։ Նա մեր ԴՆԹ-ի մի մասնիկն էր։ Մենք 6-ով միշտ միասին էինք»,-գրել է Էնիսթոնը՝ նկատի ունենալով նաեւ «Ընկերներ»-ի մյուս խաղընկերներին՝ Լիզա Քուդրոուին, Քորթնի Քոքսին, Դեյվիդ Շվիմերին եւ Մեթ Լեբլանին։

https://www.instagram.com/p/Czq8K4DMOMQ/?utm_source=ig_embed&ig_rid=b9696edb-7615-4dac-9473-7fd87d3d63f1

«Դա մեր ընտրած ընտանիքն էր, որը հավետ փոխեց բոլորիս ճանապարհը։ Մեթին սիրում էր մարդկանց ծիծաղեցնել։ Ինչպես ինքն էր ասում, եթե ծիծաղ չլսեր, կկարծեր, թե մահանում է։ Նրա կյանքն ամբողջությամբ կախված էր դրանից։ Եվ նրան, իրապես, հաջողվում էր այդպես ապրել։ Նա բոլորիս ծիծաղեցնում էր։ Վերջին մի քանի շաբաթում ես թերթում էի մեր նամակագրությունը։ Ծիծաղում էի, լաց լինում, հետո նորից ծիծաղում։ Ես այս նամակներն ընդմիշտ կպահեմ»,-շարունակել է դերասանուհին,-«Մեթի, ես քեզ այնքան շատ եմ սիրում, եւ ես գիտեմ՝ դու հիմա կատարյալ խաղաղության մեջ ես եւ զուրկ ամեն տեսակ ցավից։ Ես քեզ հետ ամեն օր զրուցում եմ․․․ Երբեմն, ասես, լսում եմ, թե ինչպես ես ասում՝ քեզանից ավելի խենթը չկա։ Հանգչիր խաղաղությամբ, կրտսեր եղբայր։ Դու միշտ ուրախ էիր դարձնում իմ օրը»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ 54-ամյա Մեթյու Փերիին մահացած էին գտել Լոս Անջելեսի նրա տանը՝ տաք լոգարանում: Փերին հուղարկավորվել է Լոս Անջելեսի Forest Lawn գերեզմանատանը: Մասնավոր արարողությանը ներկա են եղել դերասանի ընտանիքի անդամները, ընկերներն ու հարազատները, այդ թվում՝ «Ընկերներ» սերիալի աստղերը:

Լուսանկարը՝ Ron Davis/Getty Images

Կիսվել սոց․ ցանցերում