Ակադեմիական քաղաքի նախագծի հետ կապված մտավախությունների հիմնական մասը պայմանավորված է տեղեկատվության պակասով։ Այս մասին ասել է ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի փոխնախագահ Արթուր Մովսիսյանը ԵՊՀ-ում նոյեմբերի 17-22-ը ընթացող Համահայկական գիտաժողովի ժամանակ։
«Եթե նախագիծը միտումնավոր կերպով աղավաղված չեն ներկայացնում, ապա, հիմնականում, հարցեր առաջացնում է տեղեկատվության պակասը»,- ասել է նա՝ ներկայացնելով կառավարության ընդունած Ակադեմիական քաղաքի հայեցակարգի հիմնական դրույթները։
Կրթության զարգացման ռազմավարությունը և Ակադեմիական քաղաքը
Արթուր Մովսիսյանը հիշեցրել է, որ Հայաստանում ընդունված է մինչև 2030թ. կրթության զարգացման ռազմավարություն, իսկ գիտության վերաբերյալ նման փաստաթուղթն առայժմ քննարկման փուլում է։ Կրթության զարգացման ռազմավարության համաձայն՝ մինչև 2030թ. հայաստանյան չորս բուհ պետք է մտնի համաշխարհային բուհերի վարկանիշի լավագույն 500-ի մեջ, և պետք է կրկնապատկվի օտարերկրացի ուսանողների թիվը։ Նա նշել է, որ այս երկու ցուցանիշները լինելու են Ակադեմիական քաղաքի նախագծի հետևանքը, ոչ թե նպատակը։
«Ես ուզում եմ հստակ հասկանանք, որ Ակադեմիական քաղաքի հայեցակարգը առանձին ծրագիր է, և կա մի հատ էլ առանձին ծրագիր. դա բուհերի խոշորացումն է և գիտական կազմակերպությունների օպտիմալացումը։ Նույն այդ ռազմավարության մեջ նշված է, որ Հայաստանը պետք է ունենա մինչև ութ բուհ։ Նախքան Ակադեմիական քաղաք նախագիծը սա արդեն եղել է, ու այս պրոցեսը զուգահեռ շարունակվում է»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ բուհերի խոշորացման հայեցակարգը ենթադրում է, որ Հայաստանում պետք է լինի վեց խոշոր կլաստերային բուհ.
- Դասական, որը կլինի պետական համալսարանի հիման վրա
- Բժշկական՝ բժշկական համալսարանի հիման վրա
- Տեխնոլոգիական՝ մի քանի բուհերի՝ գյուղատնտեսականի, ճարտարապետաշինարարականի, պոլիտեխնիկականի և այլ բուհերի հիման վրա
- Կրթական՝ նույնպես մի քանի բուհերի հիման վրա
- Արվեստների համալսարան՝ մի քանի բուհերի հիման վրա
- Սպայական, որը կիրականացնի բոլոր ուժային կառույցների կադրերի պատրաստումը։
Ակադեմիական քաղաքի հայեցակարգը
Իսկ ի՞նչ է Ակադեմիական քաղաքը։ Արթուր Մովսիսյանի խոսքով՝ կառավարության հաստատած հայեցակարգի համաձայն՝ դա վեց կլաստերային բուհերից չորսի գտնվելու վայրն է, այն է՝ տեխնոլոգիականի, կրթականի, արվեստների համալսարանի և սպայականի։
Տեխնոլոգիական համալսարանին կից նախատեսվում է նաև ստեղծել Քիմիայի և նյութագիտության հետազոտական կենտրոն, ֆիզիկական հետազոտությունների, առաջատար սարքաշինության, գյուղատնտեսական հետազոտությունների, հաշվողական տեխնոլոգիաների կենտրոններ, ստարտափերի ինկուբատոր և ավագ տեխնոլոգիական դպրոց։
Արթուր Մովսիսյանը նշել է, որ չնայած Ակադեմիական քաղաքի հայեցակարգը արդեն ընդունվել է կառավարության կողմից, դա չի նշանակում, որ դրանում փոփոխություններ լինել չեն կարող։
«Այն փոփոխության ենթակա է»,- ասել է նա։
«Ինչպես գիտեք, մինչև փետրվար կազմակերպությունները, գիտական համայնքը, միջազգային փորձագետները կարող են ներկայացնել առաջարկներ, թե ինչ կերպ են պատկերացնում այդ կլաստերները, ինչ կառավարման մոդելներով են պատկերացնում, ինչպես են հասկանում բուհեր/գիտական կազմակերպություններ հարաբերությունները, որովհետև էլի թյուր ընկալում կա, որ գիտական կազմակերպությունները միավորվում են բուհերին, որ գիտությունը ծառայելու է կրթությանը. իրականում այդպես չէ։ Կարող է առաջարկ լինել կենսատեխնոլոգիաները ևս ներառել տեխնոլոգիական կլաստերում, որն այս պահին ներառված չէ, և այլն»,- նշել է նա։
Որտեղ է լինելու Ակադեմիական քաղաքը
Արթուր Մովսիսյանը նշել է, որ Ակադեմիական քաղաքի հայեցակարգի հրապարակումից հետո ամենաքննարկվող թեման դարձել է դրա տեղակայման վայրը, քանի որ կառավարությունը հրաժարվել է այն Աշտարակում տեղակայելու գաղափարից։
Նա հիշեցրել է, որ սկզբում դիտարկվում էր երեք տարբերակ՝ Ֆիզիկական հետազոտությունների և Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտների տարածքն Աշտարակում և դրան հարող տարածքը, Երևանի 17-րդ թաղամասին կից տարածքը՝ չհասած Պռոշյան համայնք, և «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը։
Ըստ Արթուր Մովսիսյանի՝ ընթացքում պարզվել է, որ Աշտարակում վիճելի պատկանելության շատ հողեր կան, կան տեղամասեր, որոնք մասնավոր սեփականություն են, և պետությունը կբախվեր լրացուցիչ դժվարությունների, եթե այդ հողերն ընդուներ որպես հանրային գերակա շահ։ Իսկ 682 հեկտար մակերեսով 17-րդ թաղամասին հարող տարածքը ներառում է պետական և համայնքային պատկանելության հողեր, և սեփականության հետ կապված խնդիրներ չեն առաջանում։ Գումարած՝ այդ մակերեսը բավական կլինի նախագծի հետագա հնարավոր ընդլայնման համար։
Բացի դրանից, այդ տարածքով անցնում է երկաթուղի, որը կարելի է գործարկել։
Ակադեմիական քաղաքի օտարերկրյա գործընկերները
Արթուր Մովսիսյանը հիշեցրել է, որ արդեն ստորագրվել է համաձայնագիր գերմանական Gerkan, Marg and Partners ճարտարապետական ընկերության հետ, որը պետք է մշակի Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը և հիմնական շենքերի նախագծերը, ներառյալ համալսարանների, մարզադաշտի, թատրոն-տրանսֆորմերի, գուցե՝ գրադարանի, երկաթուղային կայարանի և այլ նախագծերը։
Ակադեմիական քաղաքի հիմնադրամը շարունակում է գնահատել այն հաստատությունների կարիքները, որոնք տեղակայվելու են Ակադեմիական քաղաքում։
«Ակադեմիական քաղաքի նախագծի շրջանակում, ու ընդհանրապես, բուհերի միավորման, վեց կլաստերների ստեղծման շրջանակում մի կարևոր բան կառավարությունը որդեգրել է, որ յուրաքանչյուր կլաստերի համար պետք է համագործակցել աշխարհի այդ ոլորտի լավագույն բուհերի հետ»,- ասել է Արթուր Մովսիսյանը։
Նրա խոսքով՝ արվեստի կլաստերի մասով արդեն պայմանագիր կա University of the Arts London-ի՝ այս ոլորտում հինգ առաջատար բուհերից մեկի հետ, որն ստանձնել է Ակադեմիական քաղաքի արվեստների կլաստերի կայացմանն օժանդակելու պարտավորությունը։ Ինչ վերաբերում է տեխնոլոգիական կլաստերին, ապա արդեն կան որոշակի պայմանավորվածություններ Գերմանիայի կառավարության և Մյունխենի տեխնոլոգիական համալսարանի հետ, բայց հիմնական գործընկերներն են լինելու Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (MIT) և Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը (CalTech)։ Այս բուհերի ներգրավման գործում մեծ ավանդ է ներդրել The Armenian Society of Fellows (ASOF) կազմակերպությունը, որը փորձագիտական աջակցություն է ցուցաբերում նախագծին։
Ամփոփելով՝ Արթուր Մովսիսյանը նշել է, որ Ակադեմիական քաղաքը երկարաժամկետ նախագիծ է, որը խոշոր ներդրումներ է պահանջում, և դրա իրականացման ընթացքում ոչ մի մրցույթ, ոչ մի ծրագիր, որն իրականացվում է ներկայում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից, չի տուժի։ «Ոչ մի ակտիվ աշխատող գիտնական կամ գիտական խումբ չի տուժի այդ փոփոխությունների ընթացքում»,- հավաստիացրել է նա։
