Սամվել Բաբայանի մասնակցությունը ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին որոշ լրագրողների առիթ տվեց հարցապնդելու և շրջանառության մեջ դնելու «իսկ ո՞վ հանձնեց Արցախը» հարցը։
Ընդ որում, Բաբայանը տարբեր պատասխաններ տվեց այդ հարցին, սակայն հարցապնդումները շարունակվեցին։ Արդյունքում ստացվեց, որ Արցախը հանձնեցին Արցախի իշխանությունները, Հայաստանի իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը, Սամվել Բաբայանը․․․ մենք բոլորս։
Չհնչեց միան Արցախի անվտանգության երաշխավոր Ռուսաստանի անունը։
Իսկ ո՞վ կարող էր հանձնել Արցախը սեպտեմբերի 19-ին․ հարցի պատասխանը ստանալու համար առնվազն պետք էր կարդալ 2020 թ նոյեմբերի 9-ի հայտարարությունը և պատկերացնել, թե ով կարող էր դա անել։ 2020 թ պատերազմից հետո կնքված նոյեմբերի 9-ի հայտարարությամբ՝ Արցախի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն էր․ նրա խաղաղապահ զորքերն էին Արցախում կանգնած, ոչ Հայաստանի Հանրապետության կամ մեկ այլ երկրի։
Արցախի բանակը կռվեց և 200-ից ավելի զոհ տվեց, սակայն ակնհայտ է, որ չէր կարող պատերազմել Ադրբեջանի դեմ։ Այլ հարց է, որ Արցախի իշխանությունը կարող էր կապիտուլյացիայի գնալ առանց զոհերի՝ Ադրբեջանի հետ պայմանավորվելով։
Սամվել Բաբայանը նաև բացահայտեց, որ Ռուսաստանը չի թույլատրել Արցախի իշխանություններին՝ հետևել Հայաստանի հորդորին և գնալ բանակցությունների Ադրբեջանի հետ։
ՌԴ-ն արյուն էր ուզում, այս անգամ արցախցու արյուն՝ խաղի իր կանոններով շարժվելու համար։
Արցախի հանդեպ Ռուսաստանի դավաճանությունը բացահայտվեց այն ժամանակ, երբ Արդրբեջանի հարձակմանը ոչ միայն ուժային դիմադրություն, այլև դատապարտող, զսպող հայտարարություն կամ քայլ չեղավ։ Ադրբեջանի բանակը հրոսակախմբի պես հարձակվեց Արցախի խաղաղ բնակիչների վրա՝ սպանելով կանանց և երեխաների, սակայն խաղաղապահ գործունեություն իրականացնող ՌԴ-ն ծպտուն չհանեց, անգամ չբողոքեց։
Ավելին, սեպտեմբերի 19-ի հարձակումից առաջ Ադրբեջանը հայտարարություն տարածեց, որ իր գործողությունները հանաձայնեցրել է Ռուսաստանի և Թուրքիայի հետ։ Ասել է թե՝ պատռեց «խաղաղապահ» երկրի դիմակը։
Ռուսաստանը հերքե՞ց այս հայտարարությունը՝ ո՛չ։ Ռուսաստանը դատապարտե՞ց Ադրբեջանի ռազմական գործողություններն իր խաղաղապահության տարածքում՝ ո՛չ։
Ուրեմն ո՞վ հանձնեց Արցախը կամ Արցախի այն հատվածը, որ պահպանվել էր ավելի քանի 4 հազար հայ անձնվեր մարտիկների կյանքի գնով։
Մարինե Խառատյան
