-Պարոն Խուրշուդյան, Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Եվրոպական խորհրդի նախագահի հաջորդ հանդիպումը «բրյուսելյան ձևաչափով» ուղղված է լինելու արդյունք ունենալուն, դրան պետք է լավ պատրաստվել․․․ Այսինքն՝ Ալիևը չի՞ հրաժարվում արևմտյան հարթակից, թե սա պարզապես ժամանակի հերթական ձգձգում է։
-Ալիևը չի կարող հրաժարվել այդ հարթակից գոնե հրապարակայնորեն, որովհետև ինքը հասկանում է դրա հետևանքները։ Բայց ինքը անկեղծ չի ու իր այդ հայտարարությունից բխում է, քանի որ փակագծեր չի բացում, թե ինչ է նշանակում լավ պատրաստվել, ամեն ինչ արդեն վաղուց պատրաստ է, համաձայնեցված է, և խոսքը նույնիսկ խաղաղության պայմանագրի մասին չէ, ինքը նույնիսկ սկզբունքները հրաժարվեց ստորագրել, որը բոլորը ստորագրել են արդեն։ Այսինքն՝ այդտեղ ինչի՞ն պետք է ինքը լավ պատրաստվի։ Եթե ինքը անկեղծ լիներ, ապա վաղուց ստորագրած կլիներ այդ սկզբունքների տակ։
-Նա տեղեկացրել է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն գնահատում է վերջին մեկնաբանությունները, որոնք նոյեմբերի 21-ին ստացվել են Հայաստանից խաղաղության պայմանագրի վերաբերյալ և ավելացրել է, որ Երևանը կարող է հիմք վերցնել հինգ բազային սկզբունքները, որոնք առաջարկել է Ադրբեջանը։ ՀՀ-ի ու Ադրբեջանի ներկայացրած սկզբունքները տարբե՞ր են։
-Ադրբեջանը շատ բան կարող է առաջարկել, նույնը ՀՀ-ն կարող է շատ բան առաջարկել։ Բայց կան երեք հիմնական սկզբունքներ, նույնիսկ ես կասեի չորս, որովհետև երեք սկզբունքները, որը առաջարկում է ՀՀ իշխանությունը, դրան ավելանում է նաև Արցախի բնակչության վերադարձի ու այնտեղի հայության իրավունքների ու անվտանգության հարցը, որը ստորագրվել է Գրանադայում։ Հիմա այդ չորս սկզբունքները արդեն ստորագրված են, ի՞նչ է նշանակում, թե Ադրբեջանն ասում է, որ պետք է իմ սկզբունքները ստորագրես։ Իր ասելով չի, դա համաձայնությունների փուլ է անցել, որին ինքը բանավոր համաձայնություն է տվել։
-Պետդեպարտամենտը հայտնել էր, որ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը դեկտեմբերի 6–ին կայցելի Բաքու, որտեղ կհանդիպի Ադրբեջանի պաշտոնյաների հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաև աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանը։ Ծրագրված էր նաև այցելություն Երևան, բայց նշել է, որ ժամանակի սղության պատճառով չի գա Երևան։ Այլ պատճառ դուք տեսնու՞մ եք, որ Օ՛Բրայենը չգա Երևան։
-Իրականում Օ՛Բրայանը պետք է ուղերձ փոխանցի Ալիևին, իսկ Երևան գալ-չգալու հարցը այդքան էական չէր, որովհետև Երևանին ի՞նչ ուղերձ պետք է փոխանցի։ Երևանը համաձայնությունը տվել է և համատեղ գործում է ԱՄՆ-ի հետ, համաձայն է նաև Վաշինգտոնի միջնորդական առաքելությանը։ Իրականում այդքան էական չէր լինելու իր գալը Հայաստան։ Ինքը ուղերձ ուներ փոխանցելու Ալիևին, այսպես ասած, «դեղին քարտ» և այդ «դեղին քարտը» նա փոխանցեց։ Հիմա տեսնենք Ալիևի արձագանքն ու գործողությունները ինչպիսին կլինեն։
-Ինչպե՞ս եք վերաբերվում քաղաքագիտական մակարդակում հնչեցվող այն մտքին, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է առանց այլ երկրների խոսեն իրար հետ։
-Ես, իհարկե, դրան դեմ եմ, որովհետև առանց միջնորդների բանակցությունները Ալիևը ցանկանում է այն նպատակով, որպեսզի չորրորդ կետից խուսափի, որը միջնորդներն են առաջ մղում։ Այսինքն՝ Արցախի ժողովրդի իրավունքների հարցից։ Հասկանալի է չէ՞, որ ՀՀ-ն կաշկանդված է այդ հարցը բարձրացնել՝ հաշվի առնելով այսօրվա ռազմաքաղաքական բալանսը, այդ պատճառով հարցը բարձրացնում են միջնորդները, և դրա համար է կարևոր, որ միջնորդները լինեն, և կարևոր է, որ միջնորդները նաև որպես երաշխավոր հանդես գան այդ համաձայնություններին, իսկ Ալիևն ասում է, որ պետք չէ երաշխավոր լինի, որպեսզի կարողանա հետագայում խախտել։
-Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը նշել է, որ ԵՄ անդամ պետություններին կոնկրետ առաջարկներ կարվեն ՀՀ-ի հետ կապված: «Մենք ուզում ենք համագործակցել բոլոր ուղղություններով, այդ թվում անվտանգության ոլորտում, CEPA-ի իրականացման, ներդրումների և այլն»։ ՀՀ իշխանությունների կատարած քայլերը որքանո՞վ եք դրական համարում CEPA-ի իրականացման համար։
-CEPA-ի դրույթներից կարևոր մի դրույթ ՀՀ-ն իրականացրել է, դա Հռոմի ստատուտի վավերացումն է։ Մյուս սկզբունքները վերաբերվում են տարբեր ոլորտների՝ ատոմակայանից մինչև էներգետիկ այլ հարցեր, լոգիստիկ հարցեր, տնտեսական, ինչպես նաև մարդու իրավունքների, քաղհասարակության և դատաիրավական բարեփոխումներին։ Բոլոր ուղղություններով պետք է իրական և շոշափելի արդյունքներ արձանագրել, որպեսզի վստահությունը չկորցնենք եվրոպական գործընկերների մոտ, ինչպես նաև հավակնել ապագայում ավելի խորը համագործակցության, ինչպիսին է օրինակ՝ Եվրամիության հետ ազատ առևտրի գոտի մտնելը՝ դուրս գալով ԵԱՏՄ-ից։
-Իսկ ո՞ր ոլորտներում ենք թերանում այդ սկզբունքների իրականացման համար։
-Շատ վատ են կատարվում դատաիրավական բարեփոխումներին վերաբերող, վեթինգին ու կոռուպցիայի հաղթահարմանը վերաբերող կետերը։ Գնալով վատանում է իրավիճակը կոռուպցիայի հետ կապված ու լավ է, որ վարչապետն ինքն էլ է հայտարարում, որ կաշառքը ամենուրեք բաժանվում է անթաքույց, օրը ցերեկով ու պարզ չէ, թե ում է ուղղված այդ խոսքը, որովհետև ինքն է պատասխանատու նախ և առաջ, որ դա տեղի չունենա։ Վարչապետն ունի բոլոր լծակները պատժելու ոլորտների այն պատասխանատուներին, որոնք տապալել են այդ ոլորտը և հասցրել դրան, որ կաշառքը ազատ բաժանվում է։
-ՀՀ-ն տարվա ընթացքում Եվրամիությունից 2,6 մլրդ եվրոյի դրամական միջոցներ պետք է ստանա (մի մասը վարկային միջոցներ) և ուղղի համապատասխան ոլորտների զարգացմանը։ Ժամկետի կեսն անցել է, սակայն մոտ 470 մլն եվրո է առայժմ հատկացվել։ Ինչո՞ւ։
-Պատճառներից մեկն այն է, որ ՀՀ-ի կողմից համապատասխան ու արժանի ծրագրեր չեն ներկայացվում ու այդ պատճառի մասին նախորդ պատվիրակության ղեկավարը մեկ անգամ չէ, որ նշել է։ Մյուս խնդիրը այն է, որ դրանք ամբողջությամբ դրամաշնորհներ չեն, այլ մի մասը վարկեր են և ներդրումային ծրագրեր, որոնց համար պետք է համապատասխան պայմաններ ստեղծվեն ՀՀ-ում։ Ցանկացած ներդրման համար անհրաժեշտ է դատաիրավական նորմալ բարեփոխումներ, որպեսզի ներդրողն իմանա, որ իր նրեդրումը պաշտպանված է տեղի դատական համակարգով։ Մեզ մոտ դատական համակարգը դեռ այն նույն կաշառակերների ձեռքում է, նախկինից մնացած ժառանգությունը՝ մեթոդաբանությունը, աշխատելաոճը հիմնականում մնացել է։ Մատների վրա կարելի է հաշվել այն դատավորներին, որոնք նախկինից մնացել են իրենց այդ աշխատելաոճով ու նրանց հանել են։
Դավիթ Լևոնյան
