ՌԴ «արդարացի» ԱԳՆ-ից ոչ մի ծպտուն չենք լսել, երբ Ադրբեջшնը տարածաշրջանում ինչ ուզում անում էր. Ալեն Սիմոնյան

«Կարծում եմ, որ հնարավոր է և ռուսական կողմը շանս ունի ցույց տալ, որ այնուամենայնիվ ինքը շարունակում է հավատարիմ մնալ իր հայտարարած սկզբունքներին և ստորագրած փաստաթղթերին»:

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ՌԴ-ի կողմից ՀՀ-ին զենք չմատակարարելու հարցը հնարավո՞ր է գործընկերային միջավայրում լուծել:

«Բայց դա ոչ մի ձև չի ազդելու ՀՀ-ի որոշման վրա՝ ապահովվել ՀՀ անվտանգությունը, եթե պարտավորությունները չեն կատարվում, իսկ դրանք փաստ է որ չեն կատարվում ՀՀ-ն պետք է պաշտպանի իր շահերը և այլ կարծիք չի կարող լինել»,- ասաց Սիմոնյանը և հարցին, թե ինչպես է վերջինս ռուսական կողմին մեկնաբանում ՀԱՊԿ նիստերին իր չմասնակցությունը պատասխանեց.

«Անկեղծ ասած իմաստ չեմ տեսնում մասնակցելու, որովհետև կան չլուծված հարցեր: Մարդիկ չեն արել իրենց պարտավորությունները, մենք լսում ենք, որ միայն ՀՀ ուղղությամբ է հոխորտանք հնչում, այնինչ եթե մենք նայենք 2020 թվականի նոյեմբերի 9-ից այս կողմ ադրբեջանական կողմը բազմաթիվ անգամ շատ վատ է դրսևորել իրեն, որպես ՌԴ-ի դաշնակից՝ սկսած ռուս զինվորներին սպանելուց, վրեջացրած պայմանավորվածությունները խախտելով: Ադրբեջանն ինչ ուզեցել մեր տարածաշրջանում արել է, և ՌԴ-ն կամ չի կարողացել, կամ չի արձագանքել»:

Սիմոնյանը նաև հիշեց՝ ՌԴ-ն մեծ աղմուկ բարձրացրեց, երբ ՀՀ-ն հումանիտար օգնություն էր ուղարկել Ուկրաինա, այնինչ ադրբեջանական կողմը բազմաթիվ անգամ նման օգնություն է ուղարկել. «Ուկրաինայի նախագահը բազմաթիվ անգամ շնորհակալություն է հայտնել  Ադրբեջանի նախագահին, բայց ոչ մի ծպտուն ՌԴ-ի «արդարացի» ԱԳՆ-ից չլսեցինք. խախտվել է նոյմեբերի 9-ի պայմանագիրը, խախտվել է  գերիների վերադարձը և այլն և այլն, բայց ՌԴ-ն ցավոք սրտի ՀՀ-ի պարագայում շատ ցավոտ է արձագանքում, իսկ Ադրբեջանի պարագայում կամ չի կարողանում կամ ձև է անում, որպեսզի լավ դեմքը պահպանի վատ խաղի ժամանակ»:

Կիսվել սոց․ ցանցերում