Ավետ Բարսեղյանն իրեն մեծություն է համարում, ստիպում երեխաներին նկարվել իր հետ

Ավետ Բարսեղյանն իրեն մեծություն է համարում, համարելը քիչ է, ստիպում է, որ երեխաները, որոնք, ասենք, Կասկադում զբոսնում են իրենց ծնողների հետ ու ենթադրաբար հիանում իսկական մեծություններից մեկի՝ Ալեքսանդր Թամանյանի արձանով ու համալիրից բացվող չքնաղ տեսարանով, գալ ու նկարվել իր հետ՝ որպես մեծության։

Ընդ որում՝ Բարսեղյանն իրեն մեծություն է համարում ամենայն լրջությամբ, առանց կաշկանդվելու, առանց հեգնանքի ու սեթեւեթանքի, ավելորդ համեստության ու, ամենակարեւորը, սեփական շուրթերով։

«Պետք ա սովորացնել երեխեքին․․․․, օրինակ, Գրիշի (-խմբ․ Գրիգոր Աղախանյանի) երեխան, որ գալիս ա Կասկադ, դե երեխա ա, պարզ ա, նրա համար ո՞վ ա Ավետ Բարսեղյանը, ես ստիպում եմ էդ երեխուն, որ ինքը գա, իմ հետ նկարվի՝ որպես իրա երկրի մեծություն։ Կոպիտ օրինակ եմ բերում, բայց դա պետք ա անեն ծնողները, բան․․․»,- հաղորդումներից մեկի ժամանակ հայտարարել է Բարսեղյանը։

Նրա՝ ինքնամեծարանքի այս խոսքերը փոթորկել են ֆեյսբուքցիներից շատերին՝ ստիպելով ցույց տալ Բարսեղյանին իր իսկական տեղը:

Ավետ Բարսեղյանի կամ որեւէ մեկի մեծությունը գնահատելու կարեւոր նախապայմանը նրա անձին, անցած ճանապարհին, կատարած գործին, ունեցած վաստակին ծանոթանալն է։ Եվ շատ հետաքրքիր կլիներ իմանալ, թե է՞լ ում է Ավետ Բարսեղյանը մեծություն համարում՝ բացի «Ֆուլ Հաուս» սիթքոմից հայտնի «տիկին Տամառայից» (-խմբ. դերասանուհի Մարջան Ավետիսյան), որին մեծարելու համար էլ Բարսեղյանը, փաստորեն, ստիպված եղավ նախ մեծարել ինքզինքը։

Իսկ մինչ Ավետը կպատասխանի, վերհիշենք, թե ով է նա, ինչո՞վ է հայտնի, արդյո՞ք մեծությունների շարքը դասվելու վաստակ ունի։

Ինչպե՜ս թե ով է (թերեւս կարձագանքեր նրա ընկերներից ամենանազելին). հաղորդավա՛ր։ Է՞լ։ Երգերի խոսքերի հեղինա՛կ։ Է՞լ։ Երկու տարի՝ 2003-ին եւ 2004-ին, ճանաչվել է տարվա լավագույն ռադիո եւ հեռուստահաղորդավար։ Է՞լ։ Անձամբ Սերժ Սարգսյանը նրան է շնորհել Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչում։ Է՞լ։ Ինչ է, բավական չէ՞ այսքանը, որ մարդն ինքն իրեն մեծություն համարի։

Ավետ Բարսեղյանի՝ «մեծություն» լինելու ամենախոսուն վկայությունը նրա «անուրանալի» ներդրումն է հայ ժամանակակից «քաղաքական ձոներգի» ժանրի ձեւավորման գործում։ Այդ ժանրի անգերազանցելի նմուշը մինչեւ այժմ համարվում է Սերժ Սարգսյանի 65-ամյակի առթիվ գրված նրա ներբողը։ Միայն Ավետի նման «մեծությունը» կարող էր նման «մեծության» մեծարման համար չափման միավոր ընտրել այնպիսի մեծություններ, ինչպիսիք են, օրինակ, Հայաստանը, Խոր Վիրապը, Լեռնային Ղարաբաղը, Գանձասարը։ Այդ Ավետ Բարսեղյանի ստեղծագործական «հանճարն էր», որ ի զորու եղավ այդ մեծությունները կողք կողքի դնել ու գործող նախագահից՝ «արդար մեր հերոսից», կենդանի հուշարձան կերտել՝ նրա բարեմասնությունները համեմատելով դարավո՛ր հուշարձանների հետ, ասենք՝ «Սիրտդ՝ Հայաստան, քո հոգին՝ Արցախ, միտքդ՝ Խոր Վիրապ, խոսքդ՝ Գանձասար, սերդ՝ հավասար»։

«Երբ հայոց հողի վրա արդար, իսկական հերոս է ծնվում, երկնքում անծայր մի պահ անգամ մեծ արեւն է խավարում»․ ավետել էր հեղափոխությունից հետո նոխազերգու դարձած Ավետ Բարսեղյանը։

(Տե՛ս նրա «Գնա՛» ոտանավորը՝ գրված 44-օրյա պատերազմից հետո, որը բացահայտում է   Բարսեղյանի բառապաշարի ողջ պերճանքը, շեդեւրալ համեմատություններ կառուցելու վարպետությունը։ Ինչպես, օրինակ, «իմ խորը վերք», «անաճ իմ անձ», «սրբություն պղծող անխաչ», «ժանտախտ» ժամանակի խենթ զվարճանք», «իմ վարժ խաբկանք», «իմ անՀիսուս», անհույս իմ հազ, իմ աներազ, նամազ անող անքահանա»)։

Ստեղծագործական մտքի այսպիսի գիգանտը ի՞նչ է, եթե ոչ «մեծություն»՝ երեխաներին իր հետ նկարվել ստիպող «մեծություն»։

Կիսվել սոց․ ցանցերում