Քեսունի Վասիլ իշխանը՝ «Գող» մականունով, գրավում է Կիլիկիայի բերդերը՝ ընդարձակելով իր իշխանության սահմանները։ Հերթական բերդը գրավելիս սպանում է բերդի տիրոջն ու նրա երկու որդիներին։ Բերդի տիրուհին՝ կիլիկյան իշխանուհի Աննան, երդվում է վրեժ լուծել՝ սպանել Վասիլի տղաներին։
Շուրջ 3 տասնամյակ տևած լռությունից հետո Գյումրու դրամատիկականի վարագույրը բացեց Լևոն Շանթը. կայացավ «Ինկած բերդի իշխանուհին» ներկայացման պրեմիերան: Ռեժիսորը թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանն է:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա ասում է՝ մշտապես թատրոնը վերլուծում է արածն ու չարածը: Վերջին տարիներին հենց իր առաջարկությամբ դրամատիկականի խաղացանկում չանտեսելով նաև արտասահմանյանը՝ հիմնականում հայ ժամանակակից դրամատուրգիան է տեղ գտել:
«Ժամանակակիցը շատ կարևորելով հանդերձ՝ թատրոնը նաև դասականն է կարևորում, իսկ եթե դասական, ինչու չէ՝ հայկական, իսկ եթե հայկական, ուրեմն միանշանակ պետք է լիներ Լևոն Շանթ, քանի որ երբ վերլուծեցինք, հասկացանք, որ պատմական գործ չունենք, և Լևոն Շանթն էլ իմ ամենասիրած հեղինակներից է»,- ասում է Հարությունյանը:

2 մասանոց դրաման բեմ էր բարձրացվել արևմտահայերենով: Ասելիքը հստակ էր, կոչը՝ արդիական: Դրամատիկականի հանդիսատեսն անշշուկ ու քարացած հետևեց դեպքերի ընթացքին, հասավ պատմական անցյալ, տեղի ունեցածն արժևորեց ու կարևորեց իր այսօրվա մեջ:
«Ըստ Լևոն Շանթի է բեմադրությունը: Ինձ համար շատ դժվար ու հետաքրքիր էր աշխատել որպես ռեժիսոր այս մեծ դրամատուրգի հետ: Պահպանելով Շանթի լեզվամտածողությունը՝ փորձել ենք ավելի ժամանակակից ձևավորում ունենալ: Զգեստներն էլ են ավելի ժամանակակից: Շանթի ոգին հանդիսատեսին տեղափոխում ենք այլ միջավայր»,- նշում է Հարությունյանը:
Ինչո՞ւ Լևոն Շանթի այս գործն ընտրեց ռեժիսորը՝ հարցին, Լյուդվիգ Հարությունյանը պատասխանում է՝ ինչ ասելիք ունի՝ որպես ռեժիսոր և ցանկություններ՝ որպես մարդ, կարող էր միայն Աննայի միջոցով փոխանցել:
«Գործի հետ ծանոթ մարդիկ գիտեն, որ խոսքը վրեժի մասին է: Այդ վրեժը մեր մոտ ապրելու, արարելու, ստեղծագործելու սիմվոլն է: Հայը վրեժ է լուծում իր ապրելով, ճիշտ է փոքր-ինչ այլ պատմություն կա, բայց ես փորձել եմ Աննայի կերպարը փոքր-ինչ ժամանակակից ներկայացնել, այլ շեշտադրումներով»,- նկատում է ռեժիսորը:
«Մահն իր ճամփով, կյանքն իր ճամփով»,- ասում է Վասիլն ու որդիներին դեպքերի բերումով իր ձեռքով սպանելուց հետո էլ շարունակում գոյության իր կռիվը:
Լյուդվիգ Հարությունյանի խոսքով՝ իրենք էլ վստահ ասում ենք, որ հայ կինը թույլ չէ, և նա շատ ավելի կարող է անել: Չպետք է սգաս, այլ պետք է թշնամու հետ կռվել. «Մեր ուղերձը չընկճվելու, արարելու, ապրելու կոչն է»:
Իշխանուհի Աննային մարմնավորել է Ջեմմա Ադամյանը, Քեսունի իշխանին ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանը, Արկադի Ղարագուլյանը: Սաբեթի դերում ՀՀ ժողովրդական արտիստ Անահիտ Քոչարյանն ու Նառա Սանթոյանն են, Արսեն Սաղաթելյանը մարմնավորել է Շահինին:
Ներկայացման ամբողջ ընթացքում հնչում է «ՀՈՂ»-ի կատարումները:Պատմական դրամայի ավարտին դրամատիկականի դահլիճում տևական ժամանակ ծափերը չդադարեցին: Ներկայացումը հանդիսատեսից յուրաքանչյուրն ընդունեց հոգով ու մտքով, թատրոնից ոմանք հեռացան հաստատակամությամբ, ոմանք՝ երկմտանքով: Երկու դեպքում էլ մեկ հստակ գիծ կար՝ ապրելու և հաղթելու միակ ճանապարհը պայքարն է ու չնահանջելը:
