Վաղը աշխատանքային երկօրյա այցով Դիլիջան է գործուղվելու Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ ԱԺ պաշտոնական կայքից։
Պատվիրակության կազմում են նաև ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։
Նշենք, որ դեկտեմբերի 21-22-ը Հայաստանի Հանրապետություն (ք. Դիլիջան) է ժամանելու Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությունը։
Նշենք նաև, որ Բաքու մեկնած Վրաստանի խորհրդարանի նախագահը դեկտեմբերի 11-ին հանդիպել էր Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպմանը, ի թիվա այլ հարցերի, քննարկվել էին տարածաշրջանում անվտանգության միջավայրը, Ղարաբաղի հետ կապված գործընթացները և երկարաժամկետ խաղաղության հաստատման հնարավորությունները։
Վրաստանի խորհրդարանի ղեկավարը, հիշեցնենք, հոկտեմբերի 27-ին հայտարարել էր, որ Վրաստանի գլխավոր նպատակն ու խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն է։ «Ուրախ եմ, որ այս առումով դրական տեղաշարժեր կան խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Ես հույս ունեմ, որ դա հնարավորինս շուտ կիրականացվի, քանի որ մեր ընդհանուր շահերից է բխում մեր տարածաշրջանը դարձնել խաղաղ և անվտանգ տարածք»,- հայտարարել էր նա։
Վրաստանի խորհրդարանի նախագահի խոսքով՝ Վրաստանը միշտ եղել է երկիր, որը հնարավորություն է տվել Հայաստանին և Ադրբեջանին հանդիպել առարկայական քննարկումների համար՝ պահպանելով չեզոքություն երկու երկրների նկատմամբ:
Հ․Մ․
