Զարմանալի զուգադիպությամբ այն օրը, երբ ՀՀ ԱԺ-ում քննարկվում էր հարցը, ըստ որի՝ Հայաստանի կառավարությունը իր վրա է վերցնում Արցախի կառավարության և քաղաքացիների՝ ՀՀ բանկերի նկատմամբ (շուրջ 315 մլրդ դրամ) պարտավորությունների ահռելի բաժինը, ԼՂ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սամվել Շահրամանյանը որոշեց հիշեցնել իր մասին և «նիստանման» մի հավաք կազմակերպել, որին, դատելով հրապարակված լուսանկարներից, ներկա է եղել նաև Արցախի պետական նախարար, նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի եղբորորդի Արթուր Հարությունյանը։ Այս «խորհրդավոր ընթրիքի» մասին հանրությանն իրազեկեց Արցախի տեղեկատվական շտաբը։ Ըստ այդմ. «Սամվել Շահրամանյանը դեկտեմբերի 22-ին հանդիպել է այն պետական մարմինների ղեկավարների հետ, ովքեր շարունակում են պաշտոնավարել հասարակական հիմունքներով: Քննարկվել են բռնի տեղահանումից հետո արցախցիների հիմնախնդիրները, դրանց լուծման ուղղությամբ առանձնացվել առաջարկություններ: Ներկայացնելով կատարված ու կատարվող աշխատանքները՝ նախագահ Շահրամանյանն ընդգծել է 2024 թվականին դրանք շարունակելու անհրաժեշտությունը, Ստեփանակերտի քաղաքապետին և շրջվարչակազմերի ղեկավարներին հանձնարարել շարունակել գույքագրել բռնի տեղահանված քաղաքացիների խնդիրներն ու պարբերաբար ներկայացնել կառավարությանը: Անդրադառնալով վերջին շրջանում լայն քննարկում ստացած նախագահի՝ սեպտեմբերի 26-ի հրամանագրին՝ Շահրամանյանն ընդգծել է, որ «Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները»: Ցնցողն այն է, որ հիշյալ հրամանագրի մասին, որը, պարզվում է, գոյություն չունի, հայտարարություն էր տարածել նույն այս՝ Արցախի տեղեկատվական շտաբը՝ սեպտեմբերի 28-ին, որում մասնավորապես նշված էր՝ «մինչև 2024 թ. հունվարի 1-ը լուծարել պետական բոլոր հիմնարկները և դրանց ենթակա կազմակերպությունները, և Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է իր գոյությունը»։ Նշենք, որ հիշյալ խորհրդավոր հրամանագրի՝ գոյություն չունենալու մասին (այն այդպես էլ չի հրապարակվել) Շահրամանյանը հայտարարել է Հայաստան վերադառնալուց հետո՝ հարցադրում անելով՝ «որևէ մեկը տեսե՞լ է նման փաստաթուղթ»։
Ուշագրավ է, որ նախօրեին Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն «Ազատության» հետ զրույցում նշել էր, թե այդ, փաստորեն, «գոյություն չունեցող» հրամանագիրը հակասահմանադրական ճանաչելու և չեղարկելու շուրջ «այս պահին քննարկումներ են ընթանում»։ Արցախի օմբուդսմենը միաժամանակ տրամաբանական էր համարել, որ Սամվել Շահրամանյանը հենց ինքն էլ չեղարկի Արցախը լուծարելու մասին իր իսկ հրամանագիրը։ Այսօր, փաստորեն, Արցախը լուծարած Սամվել Շահրամանյանը կրկին պնդել է, որ նման հրամանագիր Արցախի իրավական դաշտում գոյություն չունի։ Այդ դեպքում՝ այդ ինչ քննարկումների մասին էր խոսում Արցախի ՄԻՊ-ը։ Գուցե վերջինիս նշած չեղարկման պրոցեսն արդեն տեղի է ունեցել՝ Շահրամանյանը մեկ այլ հրամանագիր է ստորագրել իր՝ խնդրո առարկա հրամանագիրը չեղարկելու մասին։
Ի դեպ, Շահրամանյանի այսօրվա հավաքին ու դրա վերաբերյալ հաղորդագրությանն արձագանքել է արցախցիներից մեկը՝ Լուսինե Պողոսյանը։ «Պրն «հարգարժան» ու հասարակական հիմունքներով #նախագահ` 3 ամիսա չտեսանք ժողովրդի հարցերով զբաղվող, գույքագրող, խնդիրները պարբերաբար ներկայացնող ու էտ «կառավարությանը» ներկայացնողներին, մի հատ էլ հրամանա #շարունակել վերը թվարկածները։ Էտ ում հարցերով ե՞ք զբաղվել, որ 3 ամիսա էս ժողովուրդը անտերության մատնվածա, նույնիսկ զոհվածների ծնողներին չեք ցավակցել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Պողոսյանը։
Շահրամանյանի կազմակերպած հավաքին արձագանքել է նաև վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն ու Ֆեյսբուքում մասնավորապես գրել. «Լեռնային Ղարաբաղը լուծարեցին, զենքերը հանձնեցին, ժողովրդին տեղահանեցին, հիմա Երևանում «փրկիչ» են խաղում։ ԼՂ լուծարման թուղթը ստորագրելուց հետո Երևանում ԼՂ հայերի գանգ կոտրողները հայտարարում են, թե ԼՂ իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները։ Ի դեպ, ԼՂ իրավական դաշտում գոյություն չուներ նաև փաստաթուղթ, որով նախատեսվում էր զենքերը հանձնել։
Եթե ոմանք գտնում են, որ ԼՂ պետական ինստիտուտները պետք է շարունակեն գործել Հայաստանում, ապա պետք է հաշվի առնեն, որ այդ պետական ինստիտուտները պետք է լուծեն ԼՂ հայերի սոցիալական, կրթական, առողջական, կենցաղային ու կեցավայրի խնդիրները, այդ թվում նաև ԼՂ հայերի՝ բանկերից վերցրած վարկերի հարցը։ Կարո՞ղ են լուծել, իհարկե ոչ։ Ցանկության դեպքում կարող են սկսել վարկերի մարումից։
Իսկ եթե ոմանք պարապությունից ցանկանում են պետական պաշտոնյայի կարգավիճակով ապրել Հայաստանում ու ՀՀ քաղաքացիների հաշվին աշխատավարձ ստանալ, դա չի լինելու։ Քանզի ԼՂ-ն լուծարելուց հետո դրա պետական ինստիտուտների գոյությունը Հայաստանում անհնարին է՝ պետության մեջ պետություն չի կարող լինել, առավել ևս, որ դա անվտանգային սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի համար»։
Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, վերլուծաբան Վահրամ Աթանեսյանն էլ, արձագանքելով մասնավորապես Արցախի՝ ՀՀ բանկերի նկատմամբ պարտավորությունների մասին ԱԺ քննարկմանը, ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է. «Կլինի՞ բռնատեղահանված արցախցիներս իմանանք՝ Արցախի կառավարությունը ի՞նչ նպատակով է բանկերից պարտք վերցրել, ե՞րբ և ովքե՞ր են այն քաղաքացիները, ում բիզնես հաճույքների դիմաց պիտի ՀՀ հարկատու քաղաքացին վճարի»:
Հեղինե Մանուկյան
