Մեզ համար չափազանց կարևոր է, որ հետագա սահմանազատման գործընթացը կանխատեսելի լինի, դրա սկզբունքները, դրա հիմքերը ամրագրվեն խաղաղության պայմանագրում:
Այս մասին ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Մեզ համար, օրինակ՝ քարտեզների հիշատակումը այդպիսի մի դրսևորում է, վստահանալու, որ կանխատեսելիություն է ապահովվում, որոշակի կանխատեսելիություն՝ անշուշտ չկանխորոշելով արդյունքները, հակառակ դեպքում սահմանազատման գործընթացն անիմաստ կլինի, բայց ապահովելու այդ տեսանելիությունը, այդ կանխատեսելիությունը:
Պայմանագրի վերջնական տեքստ չունենք, հետևաբար ես չեմ կարող, և որևէ մեկը չի կարող ասել ինչ կլինի վերջնական բանակցությունների արդյունքում այնտեղ, ինչ չի լինի: Այս պահին այո, մենք քննարկում ենք քարտեզների ընդգրկման հնարավորությունը՝ որպես, ահա, այդպիսի սահմանազատման սկզբունք ամրագրելու, սահմանազատման համար կանխատեսելիություն ապահովելու փորձ, դրսևորում»,- ասաց ԱԳ նախարարը:
