2023թ. ընթացքում թեև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների հանդիպումներ չեն կայացել և առանց նախապայմանների հարաբարությունների կարգավորման գործընթացում շոշափելի առաջընթաց չի գրանցվել, սակայն տարին առանձնանշվել է մի շարք բարձր մակարդակի հանդիպումներով, որոնք դրական հիմք են ստեղծել հետագա գործընթացների համար:
Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
2023թ. հունվարի 6-ին թուրքական կողմը տեղեկացրել է, որ վերացվել են երկու երկրների միջև ուղիղ օդային փոխադրումներ կատարելու համար նախկինում առկա արգելքները:
Փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության որոնողափրկարարական թիմը գործուղվել է Թուրքիայի Ադիյաման քաղաք և մասնակցել երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին: Փետրվարի 11-ին, 14-ին Մարգարայի կամրջով համապատասխանաբար 100 և 12 տոննա մարդասիրական բեռով 7 հայկական բեռնատար հատել է հայ-թուրքական սահմանը և ուղևորվել աղետի գոտի:
Փետրվարի 15-ին ԱԳ նախարարն անձամբ է այցել Թուրքիա և կրկին իր հետ տարել հումանիտար օգնություն:
Անկարայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների առանձնազրույց, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում: Պայմանավորվածություն է ձեռքբերվել համատեղ ջանքերով վերանորոգել Անիի պատմական կամուրջը:
«Ասեցի արդեն, այնտեղից՝ Անկարայից, անցելել եմ աղետի գոտի՝ Ադիյաման: Ցանկանում եմ նորից նշել,որ փետրվարի 16-ին հայ փրկարարները ցամաքային ճանապարհով Ադիյամանից վերադարձել են Երևան՝ հատելով Ալիջան-Մարգարա սահմանային անցակետը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 3-ին Անկարայում մասնակցել է Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնամուտի արարողությանը: Ընդհանրապես, հաշվետու տարվա ընթացքում տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի և նախագահ Էրդողանի երեք հեռախոսազրույց: Երեք դեպքերում էլ ղեկավարներն ընդգծել են տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն հաստատելու և երկկողմ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությունը:
Թեհրանում հոկտեմբերի 23-ին «3+3» ձևաչափով նախարարարկան հանդիպման շրջանակներում տեղի է ունեցել իմ և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանի հանդիպումը: Մենք վերահաստատել ենք, և՛ ես, և՛ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, որ նախկինում մեր ձեռքբերված պայմանավորվածությունները հարաբերությունների ամբողջական կարգավորման ուղղությամբ ուժի մեջ են, և աշխատանքներն այդ ուղղությամբ պետք է շարունակվեն»,- ասել է ԱԳ նախարարը:
