Հրդեհ է բռնկվել Տուապսեի նավթի պահեստում (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Տուապսեի նավթի պահեստի տարածքում։ Նախնական տվյալներով՝ զոհեր չկան։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել են Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբում։

Ըստ տեղեկատվության՝ հրդեհ է բռնկվել Տուապսե քաղաքում գտնվող նավթի պահեստի տարածքում, հրդեհը ներկայումս մարվում է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան։ Օպերատիվ և հատուկ ծառայությունները տեղում աշխատում են դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Օպերատիվ շտաբը պարզաբանել է, որ Տուապսեի շրջանի ղեկավար Սերգեյ Բոյկոն տեղում աշխատում է քաղաքային ծառայությունների հետ փոխգործակցությունը համակարգելու համար։

Ավելի ուշ նա հայտնել է, որ հրդեհը տեղայնացվել է, այնուհետ՝ մեկուսացվել:

Ինչպես նշվում է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբի «Տելեգրամ» ալիքի հաղորդագրության մեջ, հրդեհը մարվել է ժամը 04:53-ին։ Ընդհանուր առմամբ, հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է 99 մարդ և 31 տեխնիկա, այդ թվում՝ 60 մարդ և 17 տեխնիկա ՌԴ ԱԻՆ-ից։

Ըստ Baza-ի՝ նախնական տեղեկություններով՝ անօդաչու թռչող սարքն է հարվածել գործարանին։

Հրդեհը տեսանելի է քաղաքի տարբեր հատվածներից։

Սոչիի քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին հայտարարել է, որ Տուապսեում ստեղծված իրավիճակի պատճառով քաղաքի օդային տարածքը ժամանակավորապես փակվել է, այնուհետ՝ բացվել:

Կիսվել սոց․ ցանցերում