Երբ չես ուզում աշխատել, բայց պետք է

Բոլորս էլ հայտնվում ենք այդ իրավիճակում, երբ պետք է անել գործը, բայց ո~նց չես ուզում: Ի՞նչ անել, որ եւ տհաճ չլինի, եւ գործն արվի:

Կան նաեւ մարդիկ, որոնք ուղղակի պաշտում են իրենց աշխատանքը: Նրանք կարող են օրեր անցկացնել թղթերի մեջ, ուշ գիշերին անհրաժեշտ տեղեկատվությունը փնտրել ինտերնետում: Նրանց արժի հիշել, երբ այդքան հոգնեցուցիչ է թվում սեփական աշխատանքը:

Սկզբի համար բավական է, որ գոնե մի դրական բան գտնեք Ձեր աշխատանքի մեջ: Թեկուզ փոքր, բայց հաճելի մի բան: Օրինակ`այդ աշխատանքի արդյունքում թեկուզ անուղղակիորեն զարգանում է հիշողությունը կամ կենտրոնացումը:  Ձեր այդ «գյուտը» անպայման արձանագրեք օրագրում:

Փորձեք աշխատանքային օրվա ընթացքում ինքներդ  Ձեզ պարգեւել հնարավորինս շատ հաճելի պահեր: Դուրս եկեք թեկուզ հինգ րոպե մաքուր օդ շնչելու, քաղցրավենիք կերեք կամ թերթեք նորաձեւության մասին ամսագրեր: Հավատացե’ք, որ այդպես Դուք իրականում ոչ  թե շեղվում եք, այլ ուժ եք հավաքում, եւ աշխատանքն ավելի արագ է առաջ գնում:

Եթե աշխատում եք համակարգչի առաջ կամ ուղղակի նստած, ապա ժամանակին վարժություններ արեք: Հիշե’ք լիցքաթափվելու անհրաժեշտության մասին, եւ ստացե’ք Ձեր բաժին լավ տրամադրությունը:

Անկախ աշխատանքից, հագնվեք գեղեցիկ եւ նորաձեւ: Չէ՞ որ երբ առավոտյան ընտրված հագնվում եք, հարդարում մազերը, շպարվում, տրամադրությունն արդեն ինքնիրեն բարձրանում է: Մնում է միայն այն պահել ողջ օրվա ընթացքում…

Շատ բան մի’ խոստացեք ինքներդ Ձեզ, կենտրոնացեք մի աշխատանքի վրա: Եթե սկսեք մտովի թվարկել բոլոր գործերը, տրամադրությունն արդեն անխուսափելիորեն կընկնի:

Աշխատանքն ավարտելուց հետո պարգեւատրեք Ձեզ, եթե անգամ փոքր բան եք արել, որը  հաճելի չէր: Նման դեպքերի համար կոնֆետ պահեք կամ ասենք թավալ տվեք բազմոցին, եթե սիրում եք… Մի խոսքով` հաճելի մի բանով ուրախացրեք Ձեզ: Հավատացեք,  որ այդ փոքրիկ պահերն իրականում են կարողանում են  «կոտրել» ձանձրույթի, տհաճությունների երկար շղթան:

Կիսվել սոց․ ցանցերում