Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում շնորհավորել է մաեստրո Տիգրան Մանսուրյանի ծննդյան 85-րդ տարեդարձը:
«Սիրելի՛ մաեստրո,
շնորհավորում եմ Ձեզ 85-րդ տարեդարձի առթիվ։ Ուրախ եմ, որ Ձեր ողջ անսպառ եռանդով շարունակում եք աշխատել։
Ցանկանում եմ տեղեկացնել, որ Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ 2024 թվականին Հայաստանում առաջին անգամ կձայնագրվեն և կթողարկվեն մաեստրո Տիգրան Մանսուրյանի կոնցերտների և կինոֆիլմերի երաժշտության ալբոմները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և անվանի մենակատարների մատուցմամբ: Թողարկումից հետո ալբոմը հասանելի կդառնա միջազգային առաջատար մեդիահարթակներում։
Սիրելի՛ մաեստրո,
վստահ եղեք, որ իմ և Երևան համայնքի կողմից արվելու է ամենը՝ ձեր նվիրումն ու ջանքերը արժանիորեն հատուցելու համար»,- գրել է նա:
Անվանի կոմպոզիտորին ավելի վաղ շնորհավորել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Մանսուրյանի՝ գաղթով մեկնարկած, ստեղծագործական բարձունքների նվաճումով պսակված, ապա անկախ պետականության մտավորականի գործունեությամբ շարունակված կյանքն ու կենսագրությունը ճակատագրի դեմ մարդու հաղթանակի ու անսասան պատասխանատվության մի զարմանալի և ուսանելի օրինակ է, որն արժանի է ի ցույց դնելու:
