«Ինչ-որ տեղից պետք է սկսվի, չեմ ուզում, որ դրա մեջ ինչ-որ բան տեսնենք, կարևորը որ դա տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին»:
Այս մասին այսօր Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է այսօր ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովի նիստի աշխատանքները սկսվել Թովուզ-Ղազախ հատվածից:
Սիմոնյանը նաև անդրադարձավ հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեն այս հանդիպումից:
«Հստակության ակնկալիքներ ունենք, որովհետև մենք ականատես ենք լինում, որ մինչև այս պահը կա խնդիր քարտեզների հետ կապված: Հայկական կողմը՝ ինչպես արդեն իսկ հայտարարվել է, պատրաստ է և կարող ենք մետրերի շեղությամբ ցույց տալ, թե որտեղ է անցնում ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանը, և ոչ միայն ցույց տալ ինչ-որ երեևակայական քարտեզներով, այլ իրենց տակ իրավական հիմք ունեցող քարտեզներով: Եվ մենք լիահույս ենք, որ կհաջողվի այսօր և հետագայում առաջ գնալ այդ հանձնաժողովի գործունեության մեջ»,- նշեց նա:
