Ինչ ունեցվածք ու եկամուտներ են հայտարարագրել Նիկոլ Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները

Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները 2023 թվականի մայիսի 30-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացրել 2022 թվականի իրենց գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերը:

Վարչապետը անշարժ և շարժական գույք չունի, իսկ նրա բանկային հաշվի միջոցները տարեսկզբին կազմել են 614․7 և 27 հազար 701․8 դրամ, 3․84 դոլար, որոնք տարեվերջին դարձել են 114․7 և 27 հազար 701․8 դրամ, 3․84 դոլար, ինչպես նաև՝ 0 դրամ, որը տարեվերջին դարձել է 154 հազար 562.5 դրամ։

Որպես տարեկան եկամուտ Հայաստանի ղեկավարը հայտարարագրել է 12 միլիոն 837 հազար 503 դրամ աշխատավարձ, ինչը ստացել է ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Նրա կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 1800 դոլար, որը տարեվերջին դարձել է 800 դոլար, ինչպես նաև՝ 790 հազար դրամ, որը տարեվերջին դարձել է 800 հազար դրամ։

Փաշինյանը բանկում ունի 3 միլիոն 15 հազար դրամի չափով ավանդ։

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտարարագրել է 2006 թվականին որպես ժառանգություն Երևանում գտնվող բաժնային սեփականության իրավունքով բնակարան և 2005 թվականին գնված՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում միանձնյա սեփականության իրավունքով բնակարան։ Անշարժ գույքերը տարեվերջին պահպանվել են։

Որպես շարժական գույք վարչապետի տիկինը հայտարարագրել է 2010 թվականին ձեռք բերած 2008 թվականի «Նիսան» մակնիշի մեքենա, 2009 թվականին ձեռք բերած 2006 և 2004 թվականների արտադրության Renault և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ, որոնք տարեվերջին պահպանվել են։

Հակոբյանի դրամական միջոցները տարեսկզբին կազմել են 90 հազար դրամ, որը տարեվերջին չի պահպանվել։ Կանխիկ գումարը եղել է 1000 դոլար, ինչը նույնպես տարեվերջին չի պահպանվել։

«Դարեսկիզբ» ՍՊԸ-ից նա 3 միլիոն 910 հազար 25 դրամ աշխատավարձ է ստացել, ինչպես նաև՝ 1 միլիոն 757 հազար 783 դրամ այլ եկամուտներ «Հայէկոնոմ» բանկից։

Աննա Հակոբյանը 50 տոկոս բաժնեմաս ունի «Մեր տպարանը» ընկերությունում։

Փաշինյանների ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել։

Նրա դրամական միջոցները տարեսկզբին կազմել են 10․4 և 511 հազար 402․45 դրամ, որոնք տարեվերջին դարձել են 0 և 781 հազար 583.46 դրամ, ինչպես նաև՝ 0 եվրո, որը տարեվերջին չի ավելացել:

Որպես տարեկան եկամուտ Մարիամ Փաշինյանը հայտարարագրել է 10 միլիոն 786 հազար 696 դրամ աշխատավարձ «Դիջիթեյն» ընկերությունից, 106 հազար 554 դրամ այլ եկամուտներ՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից։

Կիսվել սոց․ ցանցերում