Եթե կարճ` ուրեմն այսպես։
1988-ի այս օրը` փետրվարի 13-ին, Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում տեղի ունեցավ Արցախյան շարժման առաջին մեծ հանրահավաքը, որին մասնակցում էր մի քանի հազար մարդ։
Մինչ այդ Լեռնային Ղարաբաղում տեղի էին ունեցել որոշ գործընթացներ` մասնավորապես Ասկերանի հանրահավաքը, ստորագրահավաքներ` Հայաստանին միանալու պահանջով, ձևավորվել էր «Կռունկ» կոմիտեն, որի կազմում հիմնականում Լեռնային Ղարաբաղի միութենական հիմնարկների ղեկավարներն էին և այլն։
Հայաստանին միանալու պահանջով հավաքված մի քանի տասնյակ հազար ստորագրությունները` եթե լավ եմ հիշում` մոտ ութսուն հազար, շարժման առաջնորդներից Իգոր Մուրադյանի և ստեղծված պատվիրակության ձեռամբ հասցվեց Մոսկվա, որն Արցախով սկսել էր անթաքույց հետաքրքրվել դեռ գորբաչովյան փոփոխությունների սկզբում և Մոսկվայում Ալիևի իշխանության ամրապնդման համատեքստում։

ԽՍՀՄ տարբեր ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղի պատվիրակությանը Մոսկվայում հավաստիացրել էին, որ իրենք արդեն գրեթե հանրաքվեն արել են և մնում է դա վավերացնել։
Յոթ օր Արցախում ծավալված հզոր շարժման մասին Հայաստանում գրեթե ոչ մեկ ոչինչ չգիտեր։
Գիտեին, բնականաբար, միայն կենտկոմում, ՊԱԿ-ում, մտավորական որոշ շրջանակներում։
Տեղեկատվական տարածքում քար լռություն էր, հասարակությունը բացարձակ անտեղյակ իրադարձություններից։
Յոթերորդ օրը` փետրվարի 20-ին, Ստեփանակերտում սկսված շարժումը` ըստ էության Մոսկվայից «քցված», իր ծանրության կենտրոնը որպես փրկության խարիսխ տեղափոխեց Հայաստան, և Արցախյան շարժումը պայթեց նաև Երևանում` նախորդ օրվա էկոլոգիական ցույցը ունենալով որպես փետրվարի 20-ի զոնդաժ։
«Լենին-պարտիա- Գորբաչով»-ով ընթացող շարժանը պատասխանվեց Սումգայիթով և այլն։
Հայաստանյան շարժումն, ըստ էության, ղեկավարվում էր Ստեփանակերտում ձևավորված առաջնորդող միավորի և նրան միացած մեծանուն հայ մտավորականության կողմից և ղեկավարվում էր տարերայնորեն։
Շարժման առաջնորդությունում տեղի ունեցած խմորումները հանգեցրին նրան, որ 88-ի մայիսից կամ հունիսից շարժումը սկսեց կառավարվել «Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի» կողմից, որը հետագայում հայտնի դարձավ որպես «Ղարաբաղ» կոմիտե։
Թեև թափանիվը պտտվում էր, հետագիծը գծված էր, այս շարժումն, այնուամենայնիվ, մի քիչ այլ շարժում էր, որի ակունքում, իհարկե, փետրվարի 20-ի և նրան հաջորդած օրերի համազգային զարթոնքի խորհուրդն էր, բայց սա արդեն շատ երկար գրելիք է։
