Ադրբեջանի նախագահը չի դադարում գանգատվել Արևմուտքի երկրներից և Միացյալ Նահանգներից:
Այս անգամ էլ Ալիևը հայտարարել է, թե Միացյալ Նահանգները և Ֆրանսիան պետք է ընդունեն նոր իրողությունները, որոնք ձևավորվել են տարածաշրջանում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը արդեն այդ նոր իրողությունը լավ է հասկանում։
«Երեսուն տարվա ընթացքում համանախագահները՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որոնք իրենց միջազգային հանրություն էին անվանում, ոչ մի քայլ չարեցին արդարությունը վերականգնելու համար։ Եվ երբ մենք սկսեցինք «ազատագրել» մեր հողերը, այս երեք երկրներն սկսեցին ճնշում գործադրել մեզ վրա։ Ամեն մեկն օգտագործում էր տարբեր գործիքներ, որպեսզի մեզ դուրս մղեն մեր ճանապարհից: Նրանք չէին ուզում, որ մենք «ազատագրենք» մեր հողերը։ Երբ անցյալ սեպտեմբերին վերջ դրեցինք «անջատողականությանը», նրանք նորից սխալվեցին։ Նրանցից ոմանք դեռ սխալվում են, նկատի ունեմ ԱՄՆ-ը և Ֆրանսիան։
Կարծում եմ, որ Ռուսաստանը հիմա լավ է հասկանում, թե ինչ է կատարվում և ընդունում է նոր իրողությունները։ ԱՄՆ-ն և Ֆրանսիան պետք է նույն կերպ վարվեն։ Հակառակ դեպքում իրավիճակն այնպես չի լինի, ինչպես իրենք էին նախատեսել։ Այդ երկրները պետք է աշխատեն Ադրբեջանի հետ, որն իր տնտեսությամբ, բանակով, լայն միջազգային հարաբերություններով Հարավային Կովկասի առաջատար երկիրն է»,- ասել է նա։
