«Ասել, որ 1991 թվականից ի վեր Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ամեն ինչում սխալ կուրս է բռնել, մեղմ ասած, քաղաքական խիզախություն է պահանջում։ Եթե սա Հայաստանի ողջ ղեկավարության գնահատականն է, և այն հիմնված է ողջ հայ ժողովրդի կարծիքի վրա, ապա դա անհրաժեշտ է դարձնում ռուս-հայկական հարաբերություններում վերանայել շատ բան», — հայտարարել էր Լավրովը։
ՄԱՀՀԻ ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գտնում է, որ Ռուսաստանը իր տեսակետները Հայաստանի նկատմամբ վաղուց է վերանայել։ Դա, ըստ նրա, եղել է այն ժամանակ, երբ Ռուսաստանը որոշել է, որ Էրդողանի հետ իր աշխարհաքաղաքական խաղերում մանրադրամի վերածի սեփական դաշնակցին և հայ ժողովրդի այն հատվածին, որը աշխարհում ամենառուսամետն էր։
Քաղաքագետը հիշեցնում է Լավրովի պլանը, որով 7 շրջանները պետք է բաժին հասնեին Ադրբեջանին, իսկ ճանապարհների վերահսկողությունը՝ Ռուսաստանին։ Արցախն էլ մնալու էր առանց կարգավիճակի։
«Հիմա Հայաստանն ընդամենը արձագանքողի դերում է, և եթե Լավրովն ուզում է իմանալ հայ հասարակության կարծիքը, ապա պետք է իմանա, որ 2021 թվականի մայիսի 12-ի և 2022 թվականի սեպտեմբերի 13-ի հարձակումներից հետո, երբ Ռուսաստանը հրաժարվեց կատարել իր պայմանագրային պարտավորությունները՝ դրանով ապացուցելով, որ Ադրբեջանին քաջալերողն ինքն է, արձանագրվեց, որ Ռուսաստանը վերանայել է իր տեսակետները»։
Վերանայումը, ըստ Սաֆարյանի, տեղի է ունեցել առնվազն 2008 թվականից սկսած։ Հիմա Հայաստանի տարածքը Ռուսաստանի համար մնացել է եզակի միջոց Թուրքիայի հետ իր ստրատեգիական խաղը շարունակելու համար։
«Այդ խաղում Ռուսաստանը կատարում է Էրդողանի բոլոր քմահաճույքները և, ըստ էության, Էրդողանի և Պուտինի նախաճաշի, ճաշի և ընթրիքի հաշիվները փակում ենք մենք։ Պարտադրում են, որ փակենք մենք։ Իր համար Թուրքիայի հետ կապը ստրատեգիական նշանակություն ունի»։
Սաֆարյանը օրինակ է բերում Ներքին Հանդի իրադարձություններ,ը նշում, որ նույնը կարող է տեղի ունենալ, այսպես կոչված Զանգեզուրյան միջանցքում, եթե այն վերահսկի Ռուսաստանը։ Հիշեցնելով Մարիա Զախարովայի հայտարարությունները՝ Ստյոպա Սաֆարյանն ասում է, որ Ռուսաստանը միակ պետությունն է, որ դեմ է արտահայտվում «Խաղաղության խաչմերուկին, դեմ է, որ Հայաստանն իր տարածքների նկատմամբ ինքնիշխանություն ունենա։
Իսկ ի՞նչ գործնական քայլեր կարող է անել Ռուսաստանը Հայաստանի դեմ, որի մասին խոսել է Սերգեյ Լավրովը, ըստ քաղաքագետի՝ տարբերակներից մեկը Ռուսաստանի անմիջական ռազմական գործողություններն են, որի մասին խոսել են Կրեմլի պրոպագանդիստներ Վլադիմիր Սոլովյովն ու Մարգարիտա Սիմոնյանը, որոնք ափսոսանք էին հայտնել, որ 2008-ին չեն ներխուժել Վրաստան, ապա՝ Հայաստան և վերացրել այս երկրների անկախությունը։
Այս տարբերակը մենք տեսել ենք Ուկրաինայում։ Բայց, Սաֆարյանի կարծիքով` կա մեկ այլ տարբերակ ևս՝ ռուսական ռազմաբազայի միջոցով Հայաստանում սահմանադրական կարգի տապալումը։ Այս դեպքում էլ Ռուսաստանը պետք է նկատի ունենա, որ կհայտնվի Հաագայի միջազգային դատարանում, քանի որ Հայաստանը վավերացրել է Հռոմի կանոնադրությունն ու, առաջին հերթին, ըստ քաղաքագետի սա էր պատճառը, որ Ռուսաստանը անհանգստանում էր, ոչ թե Պուտինին ձերբակալելու պատճառով։
«Հաջորդը՝ Ռուսաստանը կարող էր Ադրբեջանին քաջալերել, որ վերջինս հարձակվի Հայաստանի վրա։ Ուղղակի բախտները չի բերել, որ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան դեռևս զսպում են այդ հարձակումը՝ մի կողմից Էրդողանին ետ քաշելով, մյուս կողմից՝ Ալիևին զգուշացնելով և սպառնալով։ Ռուսաստանին մնալու է տնտեսական և էներգետիկ գործիքները։ Կարող է, օրինակ պարզվել, որ ՀԷՑ-ը խնդիրներ ունենալ ու չի կարողանում Հայաստանին էլեկտրաէներգիա մատակարարել։ Գազը կանջատեն, բայց գիտեն, որ Իրանից այլընտրանք ունենք, Ռուսաստանում աշխատող հայերը խնդիրներ կունենան։ Բայց այստեղ էլ, մեզ տարիներ շարունակ ասել են, մեզ վրա վաճառել են․ որ այդ մարդիկ փող են ուղարկում Հայաստան, իրականում Ռուսաստանը սրանից ավելի շատ է շահել։ Մեր հայրենակիցները կառուցել, շենացրել են Ռուսաստանը»։
Սաֆարյանը հիշեցրեց Ջերմուկի մեջ քացախ «գտնելու» դեպքը, ձկնկիթի հետ առաջացած խնդիրները և այլն։ Նաև նշեց, որ զենք չմատակարարելու հետ կապված այլևս կախվածություն չունենք, քանի որ Հայաստանի զենքի մատակարարումներում Ռուսաստանը ընդամենը 10 տոկոս մասնաբաժին ունի։ «Մեզ, անշուշտ, սպառնալու են։ Այդ լծակները իրենք արդեն կիրառել են։ Էն ամենը, որով մեզ սպառնում է Լավրովը, իսկ Լավրովը սպառնում է Հայաստանին, շրջվելու է Ռուսաստանի դեմ։ Փակում է Լարսը՝ փակվում է ճանապարհն իր առջև, դեմոգրաֆիական պրոբլեմների մեջ խրված՝ եթե ՌԴ հայերին դուրս է հանում, ստանում է աշխատուժի ու դեմոգրաֆիական նոր խնդիրներ։ Այսօր՝ ի տարբերություն նախկինի, բոլոր այն լծակները, որ օգտագործելու է մեր դեմ՝ աշխատելու է իր դեմ»։
Հաջորդ սպառնալիքը, որ գալիս է Ռուսաստանից՝ տեռորն է, նոր «Հոկտեմբերի 27» կազմակերպելը։ Մեր հասարակությունը, ըստ Սաֆարյանի, շատ լավ գիտի, թե ով էր դրա կազմակերպիչը։ «Ի վերջո, Ռուսաստանի հատուկ ծառայությունների նախկին ղեկավար Լիտվինենկոն էր, որ հայտարարեց, թե «Հոկտեմբերի 27»-ը կազմակերպել են ՌԴ հատուկ ծառայությունները, որի ղեկավարն այդ ժամանակ Պուտինն էր։Իրենց հիբրիդային բոլոր գործիքները այստեղ օգտագործել են։ Իրենց ողջ քարոզչամեքենան պատերազմի ընթացքում բառիս բուն իմաստով բաց են թողել Հայաստանի վրա»։
Սաֆարյանը նաև հիշեցրեց, որ 2021 թվականի ընթացքում ռումբերի մասին կեղծ ահազանգերը, մեդիատեռորը և այլն: Քաղաքագետը կանխատեսեց, որ առաջիկայում այդ գործիքակազմը Ռուսաստանը կարող է կրկին կիրառել, բայց հայ հասարակությունն արդեն ծանոթ է այդ ամենին։
Իսկ Ադրբեջանի կողմից Ղարաբաղն ամբողջությամբ գրավելուց ու այն հայաթափելուց հետո արդեն Հայաստանի տարածքների օկուպացումը, Սաֆարյանի կարծիքով, Ռուսաստանի համար արդեն միակ և վերջին գործիքն են՝ Հարավային Կովկասում մնալու համար։
Վովա Հակոբյան
