ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը հավանություն է տվել երկրում «TikTok»-ն ամբողջությամբ արգելելու օրինագծին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի էներգետիկայի և առևտրի հարցերով հանձնաժողովը հաստատել է օրինագիծը, որը կարող է արգելել չինական ByteDance ընկերությանը պատկանող TikTok սոցիալական ցանցի գործունեությունը երկրում։

Այս մասին հայտնում է  Reuters գործակալությունը՝ նշելով, որ օրինագիծն ընդունվել է միաձայն։

Փաստաթղթի տեքստից հետևում է, որ ByteDance-ը վեց ամիս ունի ԱՄՆ-ում TikTok հավելվածի նկատմամբ իր իրավունքներից հրաժարվելու համար, հակառակ դեպքում այն ամբողջությամբ կարգելվի ԱՄՆ-ում։

«Այս օրենքն ունի կանխորոշված արդյունք՝ TikTok-ի ամբողջական արգելք ԱՄՆ-ում։ Կառավարությունը փորձում է 170 միլիոն ամերիկացիների զրկել ազատ արտահայտվելու իրենց սահմանադրական իրավունքից։ Դա կվնասի միլիոնավոր բիզնեսների, կզրկի արվեստագետներին իրենց լսարանից և կկործանի անթիվ ստեղծագործողների ապրուստը ողջ երկրում»,- օրինագծին արձագանքել են չինական ընկերության ներկայացուցիչները:

Կիսվել սոց․ ցանցերում