ԱԺ հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթից հետո արտահերթ ելույթով հանդես եկած ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ Մանուկյանի արտահայտությանը, որն ուղղված էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից մեկի ելույթին։
«Մի քանի արձանագրում և հարց, ուզում եմ հարցնեմ՝ ռուսական հեռուստաշոուում հնչած և հայերեն թարգմանված ելույթը արդյո՞ք կիսում է «Հայաստան» դաշինքի մեծամասնությունը կամ դա ձեր դաշինքի վերաբերմո՞ւնքն է, կարծիքն է։ Ես ուզում եմ հասկանամ, որովհետև իրոք ռուսական թիվի շոուներից ելույթները թարգմանում բերում են այստեղ ելույթ են ունենում, դրա հետ կապված ես կարծում եմ՝ դուք պարզաբանում պետք է տաք։
Իսկ պարոն Մանուկյանի վրա ես զարմանում եմ։ Պարոն Մանուկյան, տարրական էթիկայի կանոններ գոյություն ունեն։ Ի՞նչ է նշանակում, ընթերցանությունը՝ երկուս, Դուք պե՞տք է որոշեք, ում մասին ուզում եք ասած լինեք, ուզո՞ւմ եք ձեր ցուցակի միջից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարողանում գրել, գուշակեցի՞ք»,- ասաց ԱԺ նախագահը։
Ապա Ալեն Սիմոնյանն անդրադարձավ սահմանազատման հետ կապված խնդիրներին՝ նշելով, որ դեռևս 2009 թվականին իշխանությունը վարչատարածքային օրենքի մեջ փոփոխություն է կատարել և արեց մեջբերում օրենքից․ «Ներկայացված նախագծով նախատեսվում է նախկինում Ադրբեջանի կազմում եղած Տիգրանաշեն գյուղը ընդգրկել Արարատի մարզի Պարույր համայնքի, Բարխուդարլու և Ասկիպարա գյուղը Ազատամուտ և Ոսկեպար համայնքների կազմում՝ միաժամանակ նշելով, որ նրանց սահմանները կճշտվեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից հետո»։
«Սրանից հետո՝ 2016-ին, Տավուշի մարզպետարանը գրություն է գրում, որպեսզի հիմնավորի գալիք փոփոխությունը վարչատարածքային օրենքում, հետևյալ բովանդակությամբ․ ՀՀ վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի առաջին հոդվածի Տավուշ ենթաբաժնի 4-րդ կետում նշված է Ասկիպարա գյուղը։ Տեղյակ եմ պահում, որ Տավուշի մարզում նման բնակավայր երբեք չ եղել։ Այն եղել է Ադրբեջանի ՍՍՀՄ Ղազախի շրջանի անկլավ, ՀՀ Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար վարչական տարածքում և 90-ականներին դադրել է գոյություն ունենալ։
Սա գրում է հանրապետական մարզպետը իր դաշնակցական տեղակալով։ Հետո ինչ է տեղի ունենում։ Դաշնակցական մեր գործընկերները սրան կողմ են քվեարկում
Ինչ վերաբերում է ՀՀ սահմանին։ ՀՀ սահմանից որևէ մաս, Տավուշից կամ որևէ մարզից որևէ բան չի քննարկվում և քննարկման ենթակա չէ։ Բանակցությունները, խոսակցությունները վարվում են, աշխատանքային խմբերը հանդիպում են, բայց դա որևիցե բան չի ենթադրում: Կարող է ինչ-որ մի պահի մենք ընդհանրապես հրաժարվենք որևիցե ձևով որևիցե բան ստորագրելուց, եթե չգանք համաձայնության»,- ասաց ԱԺ նախագահը։
Մանրամասները՝ տեսանյութում։
