Ապրիլի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Տավուշում Բաղանիս Այրում ու Ոսկեպար գյուղի հայկական թաղամասի հարևանությամբ ռուսական հենակետի դուրս բերվելու մասին կարևոր դետալ է մեծ ու անորոշություններով լի դելիմիտացիայի պրոցեսի համար։
Մեջբերեմ․ «Ռուսական հենակետերն այդտեղ հայտնվել են այլ իրադրության բերումով: Այն, ինչ տեղի է ունենում հիմա, իրադրության էական փոփոխություն է, որը պետք է իր ազդեցությունն ունենա բոլոր ուղղություններով: Դա նշանակում է, որ մենք առանջնագիծ չունենք, ունենք սահման, իսկ սահմանը խաղաղության նշան է, իսկ դա նշանակելու է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահները, իրար հետ փոխգործակցելով, ինքնուրույն ի վիճակի են լինելու իրականացնել սահմանի պահպանություն», հայտարարել է Փաշինյանն ու հաստատել, որ սահմանագծման դեպքում նրանց «անհրաժեշտությունն» այլևս չի լինի:
Ես կարծում եմ՝ սա չափազանց վատ նորություն է Ադրբեջանի համար, ով 4 գյուղերի վերջնագիրը ներկայացրեց այն ժամանակ, երբ ռուսական հենակետին տեղյակ էր պահվել, որ պետք է լքեն տարածքը․․․ Այդ մասին քչերը գիտեին, ըստ որում, ես ինքս գիտեի ոչ թե որևէ պաշտոնյայից, այլ շատ ոչ պաշտոնական խողովակից․․․ Այդ մասին չեմ բարձրաձայնել, քանի որ պաշտոնապես դա հաստատված չէր։
Սակայն, ո՞րն է «4 գյուղերի» հարցում ռուս-ադրբեջանական շտապողականության ու սինխրոնության պարադոքսը․․․ Սինխրոնություն այն առումով, որ երբ ռուսները համապատասխան «յուրայիններից» անցած դեկտեմբերին իմանում են, որ այդպիսի հարց է քննարկվում, հանկարծ նույն ամսին՝ դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում Ալիևը Փաշինյանի առջև դնում է «4 գյուղերի խնդիրը»․․․ Անշուշտ, ռուսական կողմի հետ համաձայնեցված․․․
Իսկ երբ պետք է մարտին ապամոնտաժվեր ռուսական հենակետը, հանկարծ դեմարկացիայի ու դելիմիտացիայի հանձնաժողովը «մտնում է փակուղի», կանոնակարգը «չի հաստատվում», ու մարտի 9-ին Ադրբեջանը հրապարակայնորեն կախում է պատերազմի վերջնագիրը՝ «չտաք 4 գյուղերը, պատերազմով կվերցնեմ, ավելին կվերցնեմ, ինչպես Արցախի դեպքում»․․․
Այսինքն, ռուս-ադրբեջանական համատեղ ուժերով 4 ավերակ գյուղերը դարձվում են նույն վտանգավոր թեման, ինչ Արցախի 7 շրջանները 2020թ պատերազմը սկսելուց առաջ, իսկ այս անգամ արդեն՝ պատերազմը Տավուշից սկսելու համար․․․
Ապրիլի 5-ին ԵՄ — ԱՄՆ-Հայաստան Բրյուսելյան հանդիպումը ահագին մտահոգում է Ադրբեջանին․․․ Ալիևը պարզ տեսնում է «բաժանարար գիծը» /ձևակերպումն իրենն է Բլինքենի հետ հեռախոսազրույցից/ իր հետ հարաբերություններում ու ստիպված է լինում համաձայնել, որ 4 գյուղի վերադարձի հարցը դառնա նախ 4 հայկական, 4 ադրբեջանական գյուղերի միջև պետական սահմանի սահմանագծում, ապա ողջ Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանգծում Ալմա Աթիի հռչակագրի ու ենթադրած տարածքային սահմաններում, ինչը պնդում էր Հայաաստանը․․․
Իսկ ինչո՞ւ ռուս-ադրբեջանական տանդեմը գործեց այդպես սինխրոն․․․ Որվեհետև Ադրբեջանն ու Ալիևը անգիր գիտեն, որ եթե այդ ձորում չլինի ռուսական հենակետը, այնտեղ կանգնեն սահմանապահներ, այլ ոչ թե ԶՈՒ ստորաբաժանումներ, ապա ոչ մի ադրբեջանցի մահապարտ չէ, որ գա այնտեղ առանց պաշտպանության ապրի, քանի որ գոյւղերը որոշ տեղերում երկու, որոշ տեղերում՝ երեք կողմից շրջափակված են լինելու հայ սահմանապահներով, իսկ Ոսկեպարի լեռնաշղթայի վրա՝ անգամ ՊՆ հենակետերով․․․ Այսինքն, ադրբեջանցիների՝ կոնկրետ Բաղանիս Այրում ու Աշաղը Ասկիբարա վերադառնալու միակ երաշխավորը կարող էր լինել բացառապես ռուսական հենակետը, ինչպես դա եղել է 1990-ին․․․ Ադրբեջանցիներն այդ գյուղերը լքել են ոչ այնքան նրա համար, որ հայերը իրենց կոտորում էին, այլ որովհետև Ռուսաստանը հեռացավ տարածաշրջանից․․․ Որովհետև երեք կողմից Հայաստանով շրջապատված ցածրադիր հովիտում անհնար է ապրել․․․ Ի դեպ, նույն պատճառով էլ ադրբեջանցիները լքել են Կիզիլ Հաջիլի գյուղը․․․
Եվ ահա, որպեսզի Ալիևը ստանար նաև Բաղանիս Այրում ու Աշաղը Ասկիպարա գյուղերում մարդ վերաբնակեցնելու հնարավարությունը, նրան օդու ջրի նման պետք էր ռուսական հենակետը հենց այն տեղադիրքում, որտեղ նա կա։ Ավելին, ռուս հենակետը նրա համար ճանապարհ էր բացելու դեպի «անկլավային վերին Ոսկեպար»․․․ Ահա, թե ինչու եմ մտածում, որ ռուսական հենակետի դուրս բերման մասին հայտարարությունը չի կարող Ալիևի սրտով լինել, քանի որ միայն սահմանապահ ծառայությունով գյուղերում անվտանգություն չես ապահովի, մանավանդ, որ պլաններիդ մեջ չկա Հայաստանի հետ տևական խաղաղության հասնելու հարցը․․․

Սա այն է, որը գիտեին Տավուշի մեր գյուղերում, դրա համար էլ անհանգստանում էին ռուսական հենակետի գտնվելու պահով, որովհետև հիշողությունների մեջ դեռևս թարմ է, թե ինչ էր կատարվում նույն այդ հովտում, երբ նույն Բաղանիս Այրում թուրքաբնակ գյուղում տեղակայված էին սովետական/ռուս «խաղաղպահները»․․․․
Եթե այդ հատվածում ճանաչվում է պետական սահմանը հաստատված, ու թողբվում են միայն սահմանապահներ, ապա լրջագույն խնդիրներ առաջանում են նաև պոտենցիալ ադրբեջանցի վերաբնակների համար․․․ Նույն կարգի, ինչը լսում ենք Կիրանցի բնակիչներից․․․
Հենց դրա համար է, որ ես կարծում եմ, կառավարությունը պետք է իր ստրատեգիան կառուցի այնպես, որ սահմանազատումից հետո այնպիսի փոխանակումներ կատարվեն (երկու եռանկյունիների ու Խեյրմլիի կույրաղիքի միջև), որ Ոսկեպարը գետը մինչև Բերքաբերի ջրամբար սահման լինի ոչ միայն Ոսկեպարի, այլ նաև Կիրանցի համար․․․
Այդ դեպքում ահագին հարցեր են լուծվում, իսկ Բաղանիս Այրում չի էլ լինում․․․ 4 տնանոց Խեյրմլիի մասին էլ չասած․․․
Առկա միջազգային աջակցությունը պրոցեսին ու Ալիևի խնդիրները, իմ համոզմամբ, թույլ են տալիս այդպիսի լուծման գալու համար․․․
