Թաթուլ Հակոբյանի կողմից արված այս լուսանկարում Կիրանց գյուղի ճանապարհն է, որը այդ գյուղի մեր հայրենակիցները փակել են արդեն 6-րդ օրը։ Ճանապարհի ուղեկալից ձախ դեռևս ԽՍՀՄ օրոք սոսկ մի քանի տուն ունեցած ու Ադրբեջանին նվիրված Խեյրմլի «գյուղատեղիի» փոքրիկ բացատն է, որի «գյուղամերձ» «հողատարածք» երևացող փոքր կամրջակը հատում է ու հասնում է մինչև դիմացի կանաչ բացատը։
Իսկ հավաքված բազմությունից աջ Կիրանց գյուղն է։
Այս նկարագրությունը տվեցի, որպեսզի տեղանքը չիմացողները հասկանան այն սյուռ ու վտանգավոր վիճակը, որը ստեղծվելու է այս գյուղի ու նրանով անցնող ճանապարհի համար, եթե «կորդինատները» գետնին սյունավորելուց հետո այլ լուծումներ չփնտրվեն թե մարդկանց՝ գյուղում անվտանգ ապրելու, թե ճանապարհի համար։
Ու մեկ գրամ անգամ սխալ չկա Կիրանցի մեր հայրենակիցների բողոքում ու պահանջում։ Մեզանից որ մեկս էլ լիներ նրանց փոխարեն, հանգիստ չէր նստի, որովհետև մի քարտեզով սահմանն անցնում է նաև գյուղի ստորին թաղի մի քանի տներով, մյուս քարտեզով՝ գյուղի պռնկով․․․
Ինքս այս հարցը վերջին ամսվա ընթացքում առնվազն երկու անգամ բարձրացրել եմ փորձագետների հետ ՀՀ վարչապետի փակ քննարկման ժամանակ, զգուշացնելով սահմանի այս հատվածի՝ այսպիսին մնալու հետևանքների մասին՝ եթե այլ լուծումներ չգտնվեն սահմանազատումից հետո հնարավոր ու միգուցե անխուսափելի փոխանակումների ժամանակ․․․ Ցավոք, ավելին չեմ կարող ասել ոչ թե քննարկման համար ընտրված Չեթըմ հաուս կանոնի (առանց հղումների), պատճառով, այլ իրավիճակի զգայունության պատճառով, քանզի բաներ կան, ինքս էլ չէի ցանկանա, որ հայտնվեր օրինակ ադրբեջանական կողմում։
Միով բանիվ՝ այս պատկերը պարտավոր են լավ հիշել ու ֆիքսել նաև իշխանությունները․ 6 օր է Կիրանցից դեպի Բաղանիս ու Նոյեմբերյան հատված գնալ հնարավոր չէ, ու Նոյեմբերյանի տարածաշրջանի այդ հատվածի հետ կապի այդ ճանապարհը չկա։ Այս անգամ այն փակել ենք մենք՝ լուծում գտնելու արդար պահանջով։ Վաղը կարող ենք ունենալ նույն պատկերը, բայց այս անգամ փակողը լինելու է թուրքը։ Ես և իմ շատ հայրենակիցներ չենք մոռացել 1990-91թ․-ը․․․
Այդ տարվա՝ 1990թ․ օրերից մեկն էր, աուսանող էի երբ մայրս զանգահարեց գյուղից ու ասաց, որ վտանգավոր վիճակի պատճառով մեր գյուղն էլ՝ Ոսկեվանն էլ տարհանում են, ու հայրս այլ համագյուղացիների նման հրաժարվում է ժամանակավոր դուրս գալ գյուղից, քանի որ ռազմական գործողություններ են սպասվում։ Մինչև հիմա հորս խոսքերը ականջներիս մեջ են՝ «ես իմ կառուցած տունքը ինքնակամ չեմ լքի ու երկրորդ անգամ տուն չեմ կառուցի․ թող ինչ լինում է՝ իմ տան մեջ լինի»։ Հենց կրկին այս շրջանն էր՝ անձրևոտ գարուն։ Ավագ եղբորս հետ Երևանից մի կերպ հասանք Սարիգյուղ, որտեղ հարցուփորձից հետո Ղալումյան Պայքարի ավտոմեքենայով Աճարկուտի մոտից բարձրացանք լուսանկարի դիմացի լեռը։ Անձևրից օճառ դարձած կավահողի պատճառով ավտոմեքենան այլևս չբարձրացավ անտառային ճանապարհով․․․ Մնացած 3 տասնյակ կիլոմետր ճանապարհը բարձր լեռնային հատվածով՝ այդ թվում Ոսկեպարի «անկլավի» հատվածում ժամերով քայլեցինք Ոսկեվան տուն հասնելու համար․․․ Ծնողներիս այդպես էլ չկարողացանք հանել տանից՝ հայրս մնաց, հորս համար մնաց նաև մայրս, իսկ իրենց համար այնտեղ մնացինք նաև մենք․․․ Մինչև որ մարտից մինչև մայիս մեր կամքն ավելի ամուր դուրս եկավ ու իրենք սկսեցին հերթով լքել այս հովիտի գյուղակները․․․
Այս ամբողջը ոչ միայն դեժավյու է, այլ նաև զգուշացում, թե ինչ է լինելու, երբ անվտանգային լուծումները չտրվեն գյուղի ու ճանապարհի համար, և ոչ միայն այս հատվածում։
Ես չգիտեմ՝ համարժեք փոխանակումներ են արվում /Ալիևն էլ երեկ ակնարկել է դրանք/, անհաղթահարելի պատ է կառուցվում, ճանապարհ է փոխվում, թե ինչ է արվում, մեզանից ոչ մեկ Տավուշի ոչ մի գյուղ վտանգելու ոչ իրավունք, ոչ մանդատ չունենք։
Այս սրա համար եմ ասում՝ դուրս կանգնեք «հողերը տվին-Տավուշից ոչ մի սանտիմետր չենք տա» ընդդիմադուր-իշխանության դիսկուրսից։ Տավուշից ոչ մի սանտիմետր չտալու դեպքում անգամ տեղում տարբեր սեգմենտներում անվտանգության խնդիրը չի լուծվում այնպես, ինչպես պետք է լուծվի։ Ու բոլորը հետո թող իրենց գլխին չտան, որ չեն նստել մի սեղանի շուրջ, թեկուզ թունդ խոսակցությունով չեն գտել այս ամենից նվազագույն կորուստներով ու անվտանգ դուրս գալու հարցը։ Այս ամենը չանելը ինձ ավելի է վախեցնում, քան թուրքը։ Թուրքից ոչ մեկս չենք վախեցել ոչ այն ժամանակ, երբ այնտեղ ապրում էին իրենք ու մենք իրենց գյուղերով անցնում են, ոչ էլ հիմա․․․
Բայց թիկունք եղեք ժողովրդին, ոչ թե պառակտեք, ոչ թե իրար դեմ հանեք կամ լքեք․․․․
Հ․Գ․Սխեմատիկ քարտեզն էլ վերցրել եմ Դավիթ Գաստյանի պատից
