Այն կարեւորի մասին, որ խոստացա անդրադառնալ նախօրեին:
Օտարերկրյա պետության արդեն երկրորդ ղեկավարն է, որ այցելում է Հայաստան պաշտոնական այցով, եւ այդ այցի շրջանակում արարողակարգից դուրս է մնում Մայր Աթոռը:
Մայր Աթոռ այցելությունը մշտապես եղել է Հայաստան օտարերկրյա պատվիրակությունների պաշտոնական այցերի արարողակարգի մաս, ընդ որում ոչ միայն երկրի նախագահների, այլ նաեւ պաշտպանության, կամ արտաքին գործերի նախարարների, խորհրդարանների նախագահների եւ այլն:
Վերջին այցերի ընթացքում սակայն, Մայր Աթոռը չկա հանդիպումների ցանկում: Այդպես էր Վրաստանի վարչապետի այցի ընթացքում, այդպես էր Ղազախստանի նախագահի այցի ընթացքում:
Պաշտոնական բացատրություն չկա, թե ինչու՞ է Մայր Աթոռը դուրս մնում պաշտոնական այցերի ծրագրից, եւ արդյո՞ք Հայաստանի արարողակարգում տեղի է ունեցել փոփոխություն, թե՞ ամեն ինչ պայմանավորված է նրանով, որ «փոփոխություն» է տեղի ունեցել քաղաքական ղեկավարության եւ ՀԱԵ ղեկավարության հարաբերություններում:
Իսկ հարցը լոկ արարողակարգի հարց չէ: Արարողակարգում չեն լինում պատահական ընդգրկումներ: Ի՞նչ է հայ առաքելական եկեղեցին: Դա միայն ազգային առանձնահհատուկ ինստիտուտ եւ ազգային ինքնության բաղադրիչ չէ: ՀԱԵ-ն դավանաքաղաքականության կարեւոր բաղադրիչ է, որ արտացոլում է միջազգային հարաբերություններում եւ համաշխարհային կյանքի պատմության հետագծում հայ ժողովրդի քրիստոնեական ինքնությունն ու ըստ այդմ դիրքավորումը այդ պատմության ընթացքում:
Եվ այսօր արդեն՝ հայկական պետականության դավանաքաղաքական ուղեծիրը:
Հայկական պետականության հետ հարաբերվող օտարերկրյա սուբյեկտները այցելելով Մայր Աթոռ՝ պաշտոնական արարողակարգի շրջանակում, ոչ թե հարգանքի տուրք են տալիս հայ ժողովրդի «նվիրական զգացումներին» (նույնը նաեւ
Ցեղասպանության զոհերի հուշահամալիր), այլ ըստ էության արտահայտում են հայկական պետականության ճանաչումն իր ամբողջական արեալով, որը, եթե պայմանական ասեմ, ամենեւին չի սահմանափակվում «29,8» պարզունակ քաղաքական բանաձեւով:
Ահա թե ինչու եմ առանցքային՝ մտահոգիչ առումով առանցքային հարց դիտարկում հայկական պաշտոնական արարողակարգում Մայր Աթոռի «շրջանցումը», որը ճանապարհ է դեպի հայկական քաղաքական սուբյեկտության պարզունակացում:
Իսկ պարզունակացումը բացարձակապես անվտանգության երաշխիք չէ: Պաշտպանունակ լինում են բարդ համակարգերը, բոլոր առումներով, որոնք հեշտությամբ «վերծանելի» չեն որեւէ հակառակորդի համար:
