2018 թվականից ի վեր Հայաստանում եղել է որակապես նոր ընդդիմության ձեւավորման ուղղությամբ գրեթե 0 աշխատանք: Ընդգծեմ, խոսքը նոր անուններով ու ազգանուններով ընդդիմության մասին չէ:
Անուններն ու ազգանունները կարող են լինել նոր, կարող են չլինել նոր, բայց նոր որակը, համակարգային տրամաբանությունը պարտադիր գրավական էր նոր իրավիճակում քաղաքական մրցակցայնության ապահովման հեռանկարի համար:
2018 թվականից սկսած պարբերաբար խոսել եմ այն մասին, որ Հայաստանի խորքային խնդիրներից մեկը դառնում է «լեգիտիմ իշխանափոխության» հնարավորության բացակայությունը:
Դժբախտաբար, այդ «բացը» լրացնելու, այդ հնարավորությունը վերականգնելու տարբերակ դարձավ ոչ թե քաղաքականության որակական փոփոխության գործընթացները, այլ գործող իշխանության ձախողումները, ռազմական պարտությունը, Արցախի կորուստը, Հայաստանի մեծ ու փոքր կորուստները:
Իսկ դա իրապես մի ծանր ու վտանգավոր «սեւ խոռոչ» է, որովհետեւ «լեգիտիմ իշխանափոխությունը» միս ու արյուն է ստանում ոչ թե նոր որակի հիմքով, այլ՝ նոր կորուստների հետեւանքով»: Ընդ որում, այդ կորուստները կամ զիջումները ինչպես անվտանգության երաշխիք չեն, այդպես էլ՝ իշխանության փոփոխության եւ այդ միջոցով գործընթացների տրամաբանությունը փոխելու հնարավորության:
