Ֆրանսիայի նախագահ Մակրոնը նախօրեին ելույթում կրկին խոսել է այն մասին, որ եվրոպական անվտանգության «սուվերեն» ճարտարապետությունը ենթադրելու է հարաբերության վերականգնում Ռուսաստանի հետ:
Մակրոնն այս մասին խոսում էր ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո, բայց հետո տեւական ժամանակ չէր անդրադառնում այս թեմային:
Հետաքրքիր է, որ նա վերստին հիշատակում է հարցը: Դրա համար կան մի շարք պատճառներ, եւ դրանց շարքում է ոչ միայն ԱՄՆ քաղաքականությունը, նախագահի ընտրությունը, հնարավոր ներքին զարգացումները, այլ նաեւ իրողությունները այլ ռեգիոններում: Օրինակ, Ֆրանսիայի նախագահը այդ մասին խոսում է Բլինքենի Չինաստան կատարած այցի, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար, արտաքին քաղաքականության իմաստով ըստ էության «վարչապետ»՝ նախկին վարչապետ Քեմերոնի Կենտրոնական Ասիայի երկրներ շրջագայության ֆոնին:
Եվ, իհարկե Կովկասում իրողությունների, մասնավորապես հայտնի հայ-ադրբեջանական պայմանավորվածության, որի վերաբերյալ՝ հերթական անգամ հիշեցնեմ, Ֆրանսիան հարկ չի համարել առ այսօր հնչեցնել իր գնահատականը:
Ինչ խոսք, հերթական անգամ նշեմ, որ քարոզչական նարատիվներով սեւ-սպիտակ բաժանումների ենթարկված հանրային խմբերի կամ շերտերի համար շատ բարդ է «հաշտվել» մտքի հետ, որ միջազգային քաղաքականությունն ու ներկայումս ընթացող համաշխարհային պատերազմը ունի շատ գույներ ու շերտեր, այլ ոչ թե ժողովրդավարություն-բռնապետություն կամ Արեւմուտք-Ռուսաստան միատարր «խրամատավորում»:
Ընկալումը ցանկացածի իրավունքն է եւ ամեն ոք իիհարկե փնտրում է գուցե իր ընկալումներին համահունչ մտքեր: Իսկ ով փնտրում է տեղի ունեցողի իրական պատկերին առավել մոտ ճանապարհներ, ապա նվազագույնը պետք է դուրս գա քարոզչական «մայրուղիներից»:
