Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Ղարիբջանյանն ասաց՝ խոսքերը Շիրազը կգրի, դու՝ երաժշտությունը. Լենինականը իր հիմնը պետք է ունենա։ 60-ականներին հենց այս նախադասությունից էլ ծնվել է Գյումրու ներկայիս օրհներգը։

Տարիներ առաջ իր հարցազրույցներից մեկում այս կարևոր իրադարձության մասին պատմել է կոմպոզիտոր, երաժշտական-հասարակական գործիչ, խմբավար, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Սուրբ Մովսես Խորենացու մեդալակիր, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե շքանշանակիր, ՀՀ ժողովրդական արտիստ, Գյումրիի և Երևանի պատվավոր քաղաքացի Վլադիլեն Բալյանը:

Երբ Լենինականի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար Գևորգ Ղարիբջանյանն ասել է՝ Շիրազը խոսքերը կգրի, Բալյանը վստահ է եղել, որ գլուխ չեկող պատմություն է, քանի որ Շիրազը երբեք նախապես երգի բառեր չի գրել, առաջարկի դեպքում անգամ վիրավորվել է խիստ: Պարզվում է, սակայն, այս մեկ դեպքը բացառություն է եղել. երկու ամիս անց բառերը պատրաստ սպասել են Բալյանին։

«Շիրազը զանգահարեց և ասաց՝ խոսքերը պատրաստ է, եկ տար»,- իր հուշերում պատմել է Բալյանը։

Երգի բառերը Բալյանին Շիրազը սովորական ձևով չի հանձնել, պատուհանից թուղթը նետել է, ասել՝ դե բռնի։ Քամին քշել է, սակայն դա չի խանգարել, որ Վլադիլենը հասնի այդ թղթի հետևից, կարդա ու գոհունակ ժպտա։

«Դու իմ Գյումրի-Լենինական դու իմ նոր,

Արագածին բազմած արծիվ փառավոր»

Հիմնի համար Բալյանը երաժշտության 13 օրինակ է գրել։ Միայն վերջինը՝ 1 գիշերում գրված 13-րդն է և՛ իրեն դուր, եկել, և՛ Շիրազին, և՛ բոլորին։ Երգն առաջին անգամ նույն տարում Գյումրու երաժշտական ուսումնարանի շենքում Սերգեյ Մացոյանի սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ կատարել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը:

«Երկրորդ միտքը, թե այդ երգն ով պետք է կատարի, չի եղել։ Բնականաբար, ես պետք է երգեի։ Բայց հետաքրքիրն այն է, որ այդ երգը երգելուց հետո Շիրազը ինձ նամակ գրեց, ասում էր՝ Ռուբիկ ջան, գիտեմ, որ դու վախկոտ չես, բայց ինչի՞ իմ նոր տեքստով չես երգում էդ երգը, ես նոր խոսքեր եմ գրել։ Չեմ կարող այնպես հիշել, ինչպես գրել էր, բայց միտքն այն էր, թե բավական է Արթիկի տուֆը հանեք, Երևանը կերտեք, պահեք, որ Անին կերտենք Լենինականի կողքով։ Միացնենք Լենինականին ու դառնա հզոր կենտրոն։ Վերջում շատ լավ բան էր գրել, ափսոս, որ հնարավոր չեղավ դա փոխել, որովհետև երգը կխախտվեր»,- պատմում է Ռուբեն Մաթևոսյանը։

Լենինականն այդ տարիներին չի ունեցել օրհներգ, երգը, սակայն, սիրել է ժողովուրդը, գրեթե բոլորը բառերը իմացել են, համերգային երգացանկերում իր կայուն տեղն է ունեցել:

2013-ին է միայն կրկին միտք ծագել, որ Գյումրուն օրհներգ է պետք։ Երկու տարբերակ է ներկայացվել հանրային քննարկման, այնուհետև՝ ավագանու հաստատմանը։

Շիրազ-Բալյան միասնությամբ ծնված «Դու իմ Գյումրի»-ն Բալյանի 90-ամյա հոբելյանին ավագանու միաձայն որոշմամբ դարձել է Գյումրու հիմնը։ Որոշակի փոփոխություն է կատարվել երգի խոսքերում. օրհներգային տարբերակում «Դու իմ Գյումրի-Լենինական, դու իմ նոր» տարբերակի փոխարեն այսօր հնչում է Հովհաննես Շիրազի բանաստեղծության նախնական տարբերակը՝ «Դու իմ Գյումրի, վաղնջական, դու իմ նոր»:Հենց այս տարբերակն է պահպանվում պետական արխիվում:

Նշենք, որ վաղնջական բառը Լենինականով Շիրազը փոխել է միայն այդ տարիների քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար Գևորգ Ղարիբջանյանի առաջակով։

Բալյանի 100-ամյա հոբելյանին Գյումրին կրկին նվեր ուներ մեծ կոմպոզիտորին. Տիգրանյանի անվան թիվ 1 արվեստի դպրոցի դահլիճն անվանակոչվեց նրա անունով։ Եվ ոչ միայն։

Այսուհետև Գյումրու ամենաայցելվող վայրերից մեկը՝ «Սիեմ Գը»-ի պուրակը կկոչվի Վլադիլեն Բալյանի անունով։ Սակայն սա միակ նորությունը չէ։ Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է. «Անվանակոչության իրավունքը ստացել ենք «Տաշիր» ընկերությունից, քանի որ բոլորին որպես «Սիեմ Գը»-ի այգի այդ հայտնի վայրը սեփականություն է։ Սիրահոժար համաձայնեցին։ Մենք այնտեղ նորագույն տեխնոլոգիայի կիրառմամբ նստարան ունենք, որը հատուկ համակարգի միջոցով կարողանում է որսալ մոտեցողներին և սկսում է երգել։ Ներբեռնված են բոլոր այն երգերը, որոնք Բալյանն ու Շիրազն են գրել միասին։ Հետո հնարավոր է՝ երգացանկը փոխվի, նոր երգեր էլ ավելանան։ Համակարգը կառավարելի է, այցելուն ինքն է ընտրում, թե որ երգն է ուզում լսել»:

Կիսվել սոց․ ցանցերում