«Տեղյակ չեմ եղել, որ ինքը հանրահավաք էր անում Գյումրիում։ Երեկ մարդիկ գրեցին, որ գալու է Գյումրի ու տեսանյութ տեսա, որ հանդիպել է պարոն Աջապահյանին»: Civic.am-ի հետ զրույցում նշում է հասարակական գործիչ Լևոն Բարսեղյանը՝ անդրադառնալով Բագրատ Գալաստանյանի շարժմանը, որը հունիսի 1-ին գնացել էր Գյումրի։
Բարսեղյանի խոսքով` ոչ միայն Գյումրիում, այլև Հայաստանի մնացած քաղաքներում ու շրջաններում Գալստանյանի աջակիցները փոքրաթիվ են․ «Ինքը որպեսզի քաղաքական հաջողության հասնի, պետք է ասի, թե ինչու էին լռում ինքը և Հայ առաքելական եկեղեցին, երբ ՀՀ-ում զանգվածային իրավախախտումներ ու բազմապիսի ճնշումներ էին լինում քաղաքացիների նկատմամբ։ Ինքը պետք է բացատրի, թե ինչու էր լռում, երբ նախորդ տասնամյակում բազմաթիվ հանցագործություններ էին անում իշխանությունները ու ինչ է անելու ինքը, արդյո՞ք անցումային արդարադատություն անելու է, Սերժ Սարգսյանից, Ռոբերտ Քոչարյանից կամ մեկ ուրիշից ապօրինի գույք արդյոք վերադարձնելո՞ւ է։»։
Հարցին, թե ինչու են շարունակում Գալստանյանը ու իր համախոհները այս շարժումը, եթե այն տապալվելու է ու հանրային աջակցություն չկա, Բարսեղյանը ասաց․ «Ես տպավորություն ունեմ, որ մենք գործ ունենք «բոժոժի համախտանիշի» հետ։ Այսինքն երբ մարդիկ շրջապատված լինելով յուրայիններով ու աջակցություն ստանալով ինչ-որ շրջանակներից, լուսաբանվելով յուրային լրատվամիջոցներով, իրենց մոտ տպավորություն է ստեղծվում, թե լուրջ աջակցություն ունեն հանրային խմբերի կողմից։ Սա վերաբերվում է շատ քաղաքական գործիչների, հիշենք Քոչարյան Ռոբերտը 2021թ․ արտահերթ ընտրություններից մեկ օր առաջ ասում էր «սրանց մնաց 48 ժամ», ինչ է թե ինչ-որ հանրային կարծիք ուսումնասիրող կազմակերպություն հայտարարել էր, որ 60 տոկոս քվե ունեն իրենք։ Իրենք շատ ինքնավստահ էին ու համոզված էին, որ մարդիկ իրենց ճնշող մեծամասնությամբ քվե կտան։ Սա «բոժոժի համախտանիշն է»։
Բարսեղյանը նշում է, որ հանրային աջակցություն չստանալով` Գալստանյանի շարժումը դառնում է ավելի բռնկուն ու բախումների է փորձում գնալ․ «Նյարդային ու ջղաձիգ դրսևորումներ եմ արդեն նկատում իրենց մոտ։ Դա նրանից է, որ պարոն Գալաստանյանը որևէ անելիք կամ ասելիք չունի ու այդ սպասումը մաշեցնում է իրեն ու նյարդային ջղաձգումներ են լինում։ Իսկ եթե որևէ մեկի մտքով կանցնի զինված հեղաշրջման միջոցով գալ իշխանության, ապա կրկնակի ձախողման են ենթարկված, որովհետև դա կնշանակի որ ցանկացած մեկը նման օրինակով կարող է առաջ շարժվել և այդ նույնը կիրառել իրենց դեմ։ Եթե Գալաստանյանը կամ մեկ այլ ուրիշը, այսինքն նման դեպքում պետք է պատրաստ լինեն, որ 15 րոպե հետո մեկ այլ ուրիշը նման եղանակով իրենցից է իշխանություն վերցնելու»։
Դավիթ Լևոնյան
