Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմել է ժողովրդին․
«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հյուրընկալությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած գագաթնաժողովը շրջադարձային է։
ԱՄՆ նախագահի, իմ և Ադրբեջանի նախագահի ներկայությամբ Արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը», ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը՝ ուղղված Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը։
Ընդունեցինք Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ Հռչակագիրն Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին, որը ստորագրեց նաև նախագահ Թրամփը։
Այդ Հռչակագրում կարևորագույն պայմանավորվածություններ են արձանագրված։ Ես և Ադրբեջանի նախագահն ընդունեցինք Խաղաղության Համաձայնագրի ստորագրմանը և վերջնական վավերացմանը հասնելու ուղղությամբ հետագա գործողությունները շարունակելու անհրաժեշտությունը և ընդգծեցինք մեր երկու երկրների միջև խաղաղության պահպանման ու ամրապնդման կարևորությունը։
