Պատմական հնարավորություն ունենք հասնելու համաձայնության, նույնիսկ՝ կնքել խաղաղության պայմանագիր. Ալեն Սիմոնյան

«Մեր հույսը մեզ վրա է, մեր վրա ասելով՝ նկատի ունեմ հայ ժողովրդին, այն ժողովրդավարական պրոցեսներին, որ Հայաստանում կան, այն գործընկերների վրա է, որոնք մեզ հետ համագործակցում են՝ Իրանի, Եվրամիության, ԱՄՆ-ի մեր գործընկերների, որոնք, ի տարբերություն մեր դաշնակցի, իրերը կոչում են իրենց անուններով և մեծագույն սատարում ցուցաբերում այս բարդ իրավիճակում և շարունակելու են ցուցաբերել»:

Այս մասին երեկ Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց»-ի տաղավարում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞վ ենք մենք փակելու այն հնարավոր հարվածները, որ գալու են, ինչի՞ վրա է մեր հույսը:

Սիմոնյանը նկատել է՝ ինչ վերաբերում է Հայաստանի ու Ադրբեջանի փոխհարաբերություններին, ապա անձամբ իր կարծիքով շատ մոտ ենք և պատմական հնարավորություն ունենք հասնելու համաձայնության, նույնիսկ՝ կնքել խաղաղության պայմանագիր:

«Ես կարող եմ ասել, որ հուլիսի 15-ին կա ընդունված հայտարարություն Հայաստանի, Ադրբեջանի և Շառլ Միշելի մասնակցությամբ, որը որ երեք կարևոր կետ է արձանագրել: Առաջինը, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի Հանրապետության 29,800 քառակուսի կիլոմետրը, ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի համապատասխան 86,600 հազար քառակուսի կիլոմետրը, և երկրները իրար նկատմամբ տարածքային պահանջներ չունեն:

Երկրորդ համաձայնությունը, որ գործընթացները տեղի են ունենալու Ալմա-Աթայի 1991 թվականի փաստաթղթերի հիման վրա, որը լավ իրավական հիմք է:

Երրորդը, որ կոմունիկացիաների բացումը տեղի է ունենում երկրների սուվերենության, իրավազորության, փոխադարձ հավասարության տրամաբանության մեջ»,- նշել Է Սիմոնյանը:

Նա նկատել է՝ հիմա մենք ինչ ճանապարհ էլ տանք, իրենք ասելու են «Զանգեզուրի միջանցք». «Անգամ, եթե այդ ճանապարհը Լոռիով անցնի, բայց մենք այս սկզբունքները ֆիքսել ենք, և Հայաստանը բաց է, և ճանապարհ է տրամադրում և նաև երկաթուղի: Մենք դրան պատրաստ ենք, և ես հույս ունեմ, որ Գրանադայում հոկտեմբերի 5-ին այս պատմական շանսն օգտագործենք, հավերժ պատերազմը և հավերժ այս վիճակը որևիցե մեկին ձեռք չի տալու, և մենք դրան պատրաստ ենք»:

Կիսվել սոց․ ցանցերում