Թпւրքիան «կհրաժարվի՞» Ռпւսաստանից

Սպասվում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները կհանդիպեն Աշխաբադում: Մինչ այդ Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Թոմ Բարաքը բացահայտել է, որ թուրք-ամերիկյան բանակցություններում «նկատելի առաջընթաց կա»: Նրա գնահատմամբ, կողմերն «առաջիկա չորս-վեց ամիսների ընթացքում համաձայնության կգան»:

Նախագահության առաջին շրջանում Դոնալդ Թրամփը Թուրքիայի ռազմաարդյունաբերական համալիրի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել, երբ Անկարան Մոսկվայից ձեռք է բերել C-400 զենիթահրթիռային համակարգ: Վաշինգտոնը պնդում է, որ քանի դեռ Թուրքիան ունի այդ համակարգը, ամերիկյան ռազմական տեխնոլոգիաները նրա համար հասանելի չեն: Թուրքիան ձգտում է ձեռք բերել հինգերորդ սերնդի ամերիկյան F 35 կործանիչներ:

Մերձավոր Արևելքի միակ երկիրը, որին ԱՄՆ-ը նման կործանիչներ մատակարարել է, Իսրայելն է: Վերջերս ԱՄՆ-ը Սաուդյան Արաբիային խոստացել է քառասուն F 35 վաճառել: Թուրքիան փոխարենը ձեռք կբերի եվրոպական արտադրության «Թայֆուն»-ներ: Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս հայտարարել է «ազգային KAAN բազմաֆունկցիոնալ» ռազմական ինքնաթիռի արտադրություն սկսելու մասին:

Թուրք-ամերիկյան բանակցությունների մասին Թոմ Բարաքի լավատեսական հայտարարությունից հետո մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Եվրամիությունը Թուրքիայի հետ քննարկում է ռուսաստանյան C -400 զենիթահրթիռային համակարգը «գնելու և Ուկրաինային փոխանցելու հարցը»: Բաքվի իշխանական լրատվամիջոցներն իրենց հերթին վարկած են առաջադրել, որ այդ համակարգը «գնելու մտադրություն ունի Հնդկաստանը»: Ենթադրվում է, որ Նյու-Դելի այցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Պուտինը Հնդկաստանի վարչապետին «խոստացել է գործարքին չխանգարել»:

Թուրքիայի և Միացյալ Նահանգների բանակցություններից ռուսաստանյան զենիթահրթիռային համակարգի խնդիրը հնարավոր չէ բացառել: ԱՄՆ-ում գործում է օրենք, որ արգելում է ռազմական և ռազմատեխնոլոգիական համագործակցություն ունենալ «թշնամի երկրի դաշնակիցների հետ»: Չնայած Դոնալդ Թրամփ-Վլադիմիր Պուտին «քիմիային», օրենքը մնում է ուժի մեջ: Այդ իմաստով Թուրքիան համարվում է ԱՄՆ «թշնամի Ռուսաստանի դաշնակից», և հնարավոր կարգավորումը կախված է Էրդողանի որոշումից՝ հրաժարվո՞ւմ է Պուտինի հետ դաշինքից, թե՞ ոչ:

Աշխաբադի հնարավոր մեկ հանդիպման արդյունքում, երևի, նման սկզբունքային հարցում որոշում չի կայացվի: Որոշ մեկնաբաններ կարծում են, որ Էրդողանը Ռուսաստանի հետ այդ գործարքը կատարել է, որպեսզի ԱՄՆ-ի հետ բանակցություններում «առևտրի առարկա» ունենա: Բայց կոնկրետ իրավիճակում նա պետք է ընտրություն կատարի: Հակառակ պարագայում Իսրայելը կմնա Մերձավոր Արևելքի օդային տարածքի միակ «տերը»: Ռուս-թուրքական «խզումը» կարող է Հարավային Կովկասում նոր իրավիճակ ստեղծել:

Կիսվել սոց․ ցանցերում