Ենթադրում եմ՝ Ադրբեջшնի նախագահը չի հաստատել իր մասնակցությունը Բրյուսելում նախատեսված հանդիպմանը․ Փաշինյան

Ենթադրում եմ, որ հոկտեմբերի վերջին Բրյուսելում նախապես հայտարարված հանդիպման պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունը։ Հոկտեմբերի 25-ին խորհրդարանում այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կան աշխատանքային մանրամասներ, Եվրամիության մեր գործընկերներից կփորձենք պարզաբանումներ ստանալ՝ այդ թվում մի շարք հարցերի վերաբերյալ»,-ասաց Փաշինյանը։

***

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հոկտեմբերի 5-ին Գրանադայում կայացած քառակողմ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին հոկտեմբերի վերջին Բրյուսելում հանդիպման է հրավիրել․ «Մենք հավատում ենք դիվանագիտությանը, հավատում ենք քաղաքական երկխոսությանը, և այդ պատճառով ես երկու առաջնորդներին՝ վարչապետ Փաշինյանին և նախագահ Ալիևին, կհրավիրեմ մինչև հոկտեմբերի վերջ Բրյուսել՝ հանդիպման»։

Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հոկտեմբերի 25-ին հայտարարել է, որ Բրյուսելում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը տեղի չի ունենա։

Ադրբեջանի նախագահը հրաժարվել էր նաև հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին մասնակցությունից, որի շրջանակում նախատեսված էր հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հնգակողմ ձևաչափով հանդիպմանը պետք է մասնակցեին Ադրբեջանի, Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի ղեկավարները, ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Հնգակողմի փոխարեն Գրանադայում տեղի էր ունեցել քառակողմ հանդիպում՝ Փաշինյանի, Մակրոնի, Շոլցի և Միշելի մասնակցությամբ, որի արդյունքներով ընդունվել էր հայտարարություն։

Կիսվել սոց․ ցանցերում