Սահմանազատման գործընթաց պետք է տեղի ունենա՝ համաձայն Ալմաթիի հռչակագրի և ՄԱԿ-ի կանոնադրության, և միայն այն հանգամանքը, որ ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, որը հայկական կողմից պիտի զբաղվի սահմանազատման աշխատանքներով, խոսում է այն լրջության մասին, որ մենք այս գործընթացին տալիս ենք:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:
«Այստեղ կարևոր է հասկանալ ամբողջ իրավական պրոցեսը, իսկ իրավական պրոցեսը նշում է, որ նախկին խորհրդային պետությունները 1991 թվականին Ալմա-Աթայի հռչակագրով ճանաչվել են որպես անկախ պետություններ, համաձայն նույն հռչակագրի՝ նախկին խորհրդային պետությունների միջև գոյություն ունեցող ադմինիստրատիվ սահմանները դարձել են միջպետական սահմաններ, և, ըստ այդմ, այն տարածքային միավորները և չափումները, որոնք խորհրդային ժամանակ գոյություն են ունեցել, շարունակում են գոյություն ունենալ»,- մանրամասնեց Կոստանյանը:
Նա նաև նկատեց՝ հայկական կողմի համար շարունակում է շատ սկզբունքային մնալ սահմանագծի հստակեցման հարցը. «Եվ մենք կարծում ենք, որ այս հարաբերությունների կարգավորման հնարավոր փաստաթղի անկյունաքարը պիտի լինի երկու երկրների միջև սահմանագծի ամրագրումը, կարևոր հարցերից է մնում նաև ապաշրջափակման գործընթացի 4 սկզբունքների արձանագրումը, որոնք արձանագրված են Գրանադայի հայտարարության մեջ: Կարևոր է լինելու նաև վեճերի կարգավորման հստակ մեխանիզմի ստեղծումը: Սրանք այն հարցերն են, որոնց շուրջ կողմերը դեռևս պետք է մոտեցնեն իրենց դիրքորոշումները»:
Արտաքին գործերի նախարարի տեղակալը վերահաստատեց՝ ՀՀ-ն շարունակում է շահագրգռված մնալ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագիր կնքելու հարցում:
