Բшքվпւմ հերթական անգամ աղմուկ են բարձրացրել ու դժգոհել. այս անգամ «վիրավորված» են Բորելի հայտարարություններից

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատսչությունը «վիրավորված» հաղորդագրություն է հրապարակել՝ զգուշացումներ անելով Եվրամիությանն ու ԵՄ արտաքին հարաբերությունների բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելին:

«ԵՄ-ի ջանքերը՝ զինելու Հայաստանին և դրանով իսկ աջակցելու նենգ ռազմականացման քաղաքականությանը, որը խոչընդոտում է խաղաղությանն ու կայունությանը տարածաշրջանում, հանգեցնելու է տարածաշրջանում նոր հակամարտությունների, և դրա պատասխանատվությունը միաժամանակ ընկնում է ԵՄ-ի վրա»,-  ասված է Բորելին ուղղված Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պատասխանում։

Հաղորդագրության վերջում Ադրբեջանի ԱԳՆ-ն չի մոռացել, իր ոճին հավատարիմ, սպառնալ ԵՄ-ին՝ հայտարարելով, թե «Ադրբեջանի հետ սպառնալիքների լեզվով խոսելն անընդունելի է, և ցանկացած ոչ բարեկամական գործողություն, որը դրական արդյունքի չի հանգեցնի,  համարժեք պատասխան կստանա»:

Հիշեցնենք՝ երեկ Բրյուսելում ավարտվել է ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստը, որի ժամանակ, ինչպես նախապես հայտարարվել էր, քննարկվել են նաեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները։

ԵՄ արտաքին հարաբերությունների բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը մամուլի ասուլիսին հայտարարել է, որ ԵՄ-ն իր անխտիր աջակցությունն է հայտնում Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին եւ սատարում երկրի անվտանգությանը։

«Մենք պետք է շատ զգոն լինենք Հայաստանի անկայունացման ցանկացած փորձի հանդեպ՝ ներքին, թե արտաքին։ Իսկ Ադրբեջանին ուղղված մեր ուղերձը հստակ է՝ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի կլինի եւ դա ծանր հետևանքներ կունենա մեր հարաբերությունների որակի համար։

Խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել, և մենք պարտավորվում ենք շարունակել մեր միջնորդական դերը»,- ասել է Ժոզեպ Բորելը։

Կիսվել սոց․ ցանցերում