«Հայաստանը երկու ամսից ավելի է, ինչ հետաձգում ու չի ներկայացնում խաղաղության պայմանագրի ճշգրտված 5-րդ տարբերակն Ադրբեջանին»։
Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը՝ շարունակելով.
«Սեպտեմբերի 11-ին Ադրբեջանը երկկողմ կապուղիներով հայկական կողմին է փոխանցել խաղաղության պայմանագրի 5-րդ ճշտված տարբերակը՝ համապատասխան բացատրական նշումներով, և սպասում է Հայաստանի պատասխանին։
Չնայած մինչ այս տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին հրապարակային հայտարարություններին, հայկական կողմն ավելի քան երկու ամիս է՝ հետաձգում է փաստաթղթի՝ իր տարբերակի ներկայացումը։
Ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է, որ սա պատմական հնարավորություն է, և խաղաղության պայմանագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չկա: Թե որքանով է Հայաստանը դրան պատրաստ, այժմ արդեն լուրջ հարցեր են առաջացել։ Խաղաղության պայմանագրի տեքստը կարող է ավարտին հասցվել ավելի արագ՝ երկկողմ ինտենսիվ բանակցությունների միջոցով։ Գնդակն այժմ Հայաստանի դաշտում է»,- նշել է Հաջիևը։
