«Բելգորոդը՝ ՆԱՏՕ–ին անդամակցելու դիմաց». Զելենսկին հայտարարություն է արել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է «փոխանակել Բելգորոդը» ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ: Այդ մասին Ուկրաինայի ղեկավարը հայտարարել է Դանիայում կայացած ճեպազրույցում՝ մեկնաբանելով Կիևի՝ ռազմական բլոկ մտնելու դիմաց Ռուսաստանին տարածքային զիջումների գաղափարը, որը հնչեցվել է օգոստոսի կեսերին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավար Սթիան Յենսենի կողմից, գրում է RTVI–ը:

«Մենք պատրաստ ենք Բելգորոդը փոխանակել ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ»,- ասել է Զելենսկին՝ ի պատասխան այն հարցին, թե դիտարկվու՞մ է արդյոք ուկրաինական տարածքների փոխանակումը դաշինքին հրավերի դիմաց։

Օգոստոսի 15-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավար Սթիան Յենսենը հայտարարել է, որ Կիևը կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին՝ իր տարածքի մի մասը փոխանցելով Ռուսաստանին և դրանով իսկ դադարեցնել ռազմական գործողությունները։ Նա, մասնավորապես, ասել է, որ դաշինքը քննարկում է Ուկրաինայի հնարավոր կարգավիճակը ռազմական գործողությունների ավարտից հետո, մինչդեռ տարածքային զիջումների հարցերը «բարձրացվում են ուրիշների կողմից»։

«Ես չեմ ասում, որ դա պետք է լինի: Բայց դա կարող է լինել հնարավոր լուծում»,- պարզաբանել է Յենսենը:

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Յենսենի հնչեցրած միտքը հետաքրքիր է անվանել։ Միևնույն ժամանակ Կիևում նրան քննադատել են և հայտարարել, որ տարածքային զիջումները անընդունելի են։

Հենց հաջորդ օրը՝ օգոստոսի 16-ին, Յենսենը խոստովանել է, որ Ռուսաստանին տարածքների փոխանցումից հետո Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության մասին իր խոսքերը սխալ էին։ Յենս Ստոլտենբերգի աշխատակազմի ղեկավարն ասել է, որ նա «չպետք է դա ասեր»։

Կիսվել սոց․ ցանցերում